Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները լքել են Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա«Արի տուն» ամառային ծրագիրը ու վերադարձել Ստամբուլ, հայտնում է Tert.am-ը։
Ստամբուլյան թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն հաստատեց պոլսահայ երեխաների՝ Հայաստանում խտրական վերաբերմունքի ու ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու և Ստամբուլ վերադառնալու մասին լուրերը:
«Երեխաների միջև ծագած վեճն ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը կարելի էր հարթել համապատասխան ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը չի արվել կազմակերպիչների կողմից: Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարությունը, չնայած մեր բոլոր զգուշացումներին, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը», – կայքի հետ զրույցում ասել է Սաբունջուն:
Թուրքիայի թիմի երեխաներից մեկի և Ուկրաինայից ժամանած մասնակիցներից մեկի միջև վեճին ավելի ուշ մասնակցել է վերջինիս ընտանիքը, սակայն նախարարությունը բավականին երկար ժամանակ անհաղորդ է մնացել, մինչ խնդիրը չի ընդունել ավելի լայն մասշտաբներ:
Ըստ Սաբունջուի՝ կազմակերպիչների անտարբերության պատճառով վեճը վերաճել է լուրջ խնդրի՝ ստեղծելով անառողջ մթնոլորտ երեխաների միջև:
«Անհաշվելի անգամներ զգուշացումներ եմ հղել պատասխանատու մարմիններին, ցանկացել ենք հանդիպել նախարարի հետ, միշտ ասել են՝ տեղում չէ: Երեխաների ապահովության համար ստիպված եմ եղել տանել նրանց Վանաձոր՝ Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մոտ: Սրբազանը բացեց իր դռները մեր առաջ: Ավելի ուշ՝ սփյուռքի նախարարի հետ մեր հանդիպման ժամանակ, տիկին Հրանուշ Հակոբյանն ինքն անձամբ խնդրի վերաբերյալ զանգահարեց սրբազանին, խոսեց: Իսկ թե հարցի լուծման համար տիկին Հակոբյանն ի՞նչ է ձեռնարկում հիմա՝ տեղյակ չեմ: Ծրագրի հերթական փուլի փակմանը մենք չկայինք արդեն, բայց առանց մեր իմացության Թուրքիայի թիմի պաստառով մարդ է կանգնել, որը մեր թիմից չէ: Փորձել են դեպքը կոծկել: Ի՞նչ կարիք կա նման կեղծարարության: Ուզում եմ շեշտել, որ մեր միակ նպատակն է կանխել նմանատիպ դեպքերի հնարավոր կրկնությունն ապագայում», – ասաց Սաբունջուն:
Ըստ նրա՝ անձնական հողի վրա ծագած վեճը Հայաստանում վերածվել է «Թուրքիայի հայերի» թեմայով մի մեծ սկանդալի:
Նա շեշտեց, որ իրենց խմբի երեխաների հասցեին հնչած վիրավորանքներն ու վատ վերաբերմունքը կանխելու, դեպքն ուսումնասիրելու փոխարեն՝ իրենց հետ վիճաբանության բռնված թիմի երեխաների ծնողներն ու նախարարության աշխատակիցները շարունակաբար առաջ են բերել Ստամբուլի թիմի մասնակիցների՝ իրենց հետ վիճած տղային ծեծելու մեղադրանքը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մեղադրանքներ:
«Ես մեր աշակերտներին բազմիցս զգուշացրել ու խիստ նշել եմ՝ ոչ մի դեպքում ոչ-ոքի վրա ձեռք չբարձրացնել, որևէ մեկը նման բան միանշանակ չի արել: Երեխաների միջև ծագած վիճաբանությունը հարթելու նախաձեռնողն էլ մենք ենք եղել, մեր տղան մոտեցել և ներողություն է խնդրել, ինքս ասել եմ, որ իրար ձեռք սեղմեն, բայց դիմացի կողմը ոչ միայն նման մտադրություն չուներ, այլև ավելի ուշ ենթարկվեցինք նրանց ընտանիքների հարձակմանը», – ընդգծել է Ստամբուլի թիմի ղեկավարը:
Ղազար Սաբունջուն պատմում է, որ հենց նման պայմաններում Ստամբուլի 16 հոգանոց խումբն ընդհանուր հայտարարի գալով՝ որոշեց լքել նախագիծն ու վերադառնալ Ստամբուլ:
Tert.am-ը պարզել է, որ այս տարի Ուկրաինայի համայնքը պաշտոնապես որևէ խումբ չի ուղարկել «Արի տուն» ծրագրին, մինչդեռ, ծրագրի միջոցառումներից մեկի ժամանակ երևում են «Ուկրաինա» գրությամբ պաստառով երեխաներ: Ուկրաինայի հայ համայնքի գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ Ուկրաինայի կողմից ներկայացած մասնակիցները չունեն ո՛չ երաշխավորագիր, ո՛չ էլ կապի մեջ են համայնքի ղեկավարության հետ: Իսկ Սփյուռքի նախարարությունը նրանց ընդունել է անհատական հայտերով, որոնք ուղարկվում են համացանցի միջոցով։
«Մենք այս տարի ո՛չ Կիևից, ո՛չ էլ մեկ այլ քաղաքից որևէ հայ երեխայի համար երաշխավորագրեր չենք տրամադրել, ոչ մեկին «Արի տուն» ծրագրին չենք ուղարկել, մեզ այդ հարցով չեն էլ դիմել: Մինչ այս պահը մենք 5 նամակ ենք ուղարկել Սփյուռքի նախարարությանը՝ խնդրելով այդ երեխաների մասնակցությունը համաձայնեցնել մեզ հետ, աշխատել «Ուկրաինայի հայերի միության» կենտրոնական գրասենյակի հետ՝ հենց այսպիսի խնդիրներից խուսափելու համար, բայց մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել: Մենք նույնիսկ չգիտենք՝ մեր համայնքի՞ց, թե՞ մեր անվան տակ ուրիշ հայ երեխա է գնացել մասնակցում, ինչպե՞ս կարող ենք պատասխանատվություն կրել նրանց պահվածքի համար», – նշել է Մկրտչյանը:
Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության ներկայացուցիչները Tert.am-ի հարցին, թե Ուկրաինայի որ քաղաքներից են այս տարի «Արի տուն» ծրագրին մասնակցում, նախ ասացին՝ «չգիտենք», իսկ հետո երաշխավորագրերի ու համայնքների ղեկավարների հետ աշխատելու մասին հարցին ի պատասխան պնդեցին, որ երաշխավորագրեր ստանալու կարիք չկա, բոլորը կարող են դիմել առցանց տարբերակով:
Համահայկական ծրագրերի վարչության ներկայացուցիչներից Իսկուհի անունով ներկայացած աշխատակիցը չկարողացավ ասել, թե այդ դեպքում ո՞վ է կրում նման դեպքերի պատասխանատվությունն ու ինչպե՞ս պետք է կանխվեն նման թյուրիմացությունների կրկնությունները։
Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, շեշտեցին, որ եթե վերոնշյալ մասնակիցներն իսկապես Ուկրաինայից են՝ իրենք պատրաստ են երեխաներին կարգապահական տույժի ենթարկել:
Լուսանկարը՝ yhm.am