«Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում լրագրողներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը: Հոգլանդի վերջին ելույթն այդ պաշտոնում հրապարակել է Ամերիկայի Ձայն ռադիոկայանը:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
«Սա ցանկացած խելամիտ կարգավորման հիմքն է, և բոլոր կողմերը համաձայն են այս հարցում», ֊ ասել է համանախագահը։
Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշմանը, ապա Ռիչարդ Հոգլանդն ընդգծել է, որ նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք միևնույն է համաձայն են քննարկել այն․ «Կարծում եմ, այժմ հենց դա է կարևորը»: