ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ որոշել է այսուհետև լրագրողներին, օպերատորներին թույլ չտալ մասնակցել նիստերին։ Այս մասին հաղորդում է Aravot.am-ը՝ նշելով, որ նիստին ներկա լրագրողները դուրս են եկել դահլիճից։
Այսօր նիստում քննարկվում էին նոր խորհրդարանի երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելիք մի քանի օրենսդրական նախագծեր. Օրինակ, փոփոխություններ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքում, ինչպես նաև «Ոստիկանության մասին», «Հոգեբուժական օգնության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում։ Նախագծերի մեծ մասը ներկայացրել է Կառավարությունը։
Հրայր Թովմասյանի քայլը նախկինում ապօրինի կլիներ, սակայն այսօր այն օրենքի տառին համաձայն է։ Ներկայիս խորհրդարանի համար 2016 թվականի դեկտեմբերին ընդունված նոր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հանձնաժողովի նախագահին իրավունք է տալիս թույլ չտալ լրագրողներին ներկա լինել հանձնաժողովի նիստին։
Օրենքի 14֊րդ հոդվածի 7-րդ կետում ասված է․ «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում»։
ԱԺ֊ի մասին օրենքը փոփոխելու անհրաժեշտությունն օրենքը մշակողները բացատրում էին նոր Սահմանադրության ընդունմամբ, որով ԱԺ ավելի կարևոր դեր է ստանում։
5-րդ գումարման ԱԺ֊ի պատգամավորներից միայն երկուսն էին դեմ քվեարկել լրագրողների իրավունքները սահմանափակող նոր կանոնակարգ օրենքին՝ ՀԱԿ խմբակցության պատգամվորներ Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը։