Այսուհետ լսողական սարք և անվասայլակ ձեռք բերելու համար հաշմանդամություն ունեցող անձինք պետությունից կստանան հավաստագրեր (վաուչերներ)։ Այս փոփոխությունը մշակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է այն։ Ըստ ծրագրի, փոփոխության նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Նախկինում նախարարությունը հայտարարել է մրցույթ և գնել է սայլակներ ու լսողական սարքեր՝ դրանք տրամադրելով հաշմանդամություն ունեցող անձանց։ Վերջիններիս վկայությամբ՝ դրանք որակյալ չեն եղել։ 2016 թվականին պետությունը հատկացրել է 425 լսողական սարք և 1100 սայլակ։
«Եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը»,֊ ասված է նախագծում։
Ընդգծենք, որ հաշմանդամություն ունեցող անձը ստիպված է լինելու «իր միջոցներից» մեծ ներդրում անել, քանի որ հավաստագրերի արժեքն ավելի ցածր է, քան լսողական սարքերի և սայլակների նվազագույնը գինն է հայաստանյան մանրածախ շուկայում։ Այսպես, լսողական սարքերի հավաստագրերի արժեք է սահմանվել 30.000 դրամ՝ 30-ից բարձր տարիք ունեցողների համար, և 80.000 դրամ՝ մինչ 30 տարեկանների համար։ Որակյալ լսողական սարքերի գները մասնագիտացված կենտրոններում սկսվում են 220.000 դրամից։
Հաշմանդամի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 95 հազար դրամ է, մինչդեռ խանութներում սայլակների գները սկսվում են 120 հազար դրամից։ Եվ դրանք կիրառելի են միայն փակ տարածություններում և կոշտ ծածկով ճանապարհների վրա տեղաշարժվելու համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության մասնագետ Հայկ Մկրտչյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք կանխատեսել էին՝ գները բարձր են․ «Սակայն մենք կարծում ենք, որ կգործի շուկայի օրենքը, եթե լինի պահանջարկ, կլինի նաև առաջարկ։ Եթե գնորդները շատ լինեն, ընկերություններն ավելի որակով ապրանքներ կառաջարկեն, և կմրցակցեն միմյանց հետ, ինչի արդյունքում գները կէժանանան»։
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ֊ի նախագահ Արմեն Ալավերդյանն օրենքի փոփոխությունը կոմպրոմիսային լուծում է համարում։
«Ավելի լավ է քիչ գումար տան, քան անպիտան սայլակ, որը մարդիկ նախընտրում են չվերցնել։ Ես իմ սայլակը գնել եմ 230 եվրոյով՝ Գերմանիայում, և ահագին էլ վճարել եմ փոխադրման համար։ Այո, գումարը քիչ է, բայց եթե պնդում են, որ պետությունը ավելին չի կարող, հնարավորություն չունի, սա կոմպրոմիսային լուծում է»,֊ ասել է Արմեն Ալավերդյանը։