Լոնդոնում սեպտեմբերի 11-16-ին կայանալիք հայ-բրիտանական երիտասարդական կրթական ծրագիրը վտանգի տակ է հայտնվել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված Միացյալ Թագավորության վիզաների ընդունման կենտրոնում տեղի ունեցած «տեխնիկական սխալի» պատճառով։ Կրթական ծրագրի համակարգող, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ֊ի ծրագրերի ղեկավար Նելլի Փայտյանը չի կարող մեկնել և Լոնդոնում վարել 15 երկրների 36 մասնակիցների համար նախատեսված դասընթացը, քանի որ սխալի պատճառով առայժմ չի ստացել ոչ Միացյալ Թագավորության մուտքի արտոնագիր և ոչ էլ իր անձնագիրը, որը հանձնել էր վիզաների վարչություն:
Հարկ է նշել, որ 2014-ի ապրիլից այս տարածաշրջանում Միացյալ Թագավորության վիզաների ընդունման կենտրոնի գործերը վարում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան կոմերցիոն գործընկերը՝ Teleperformance ընկերությունը: Այսինքն` ՄԹ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ոչ թե դեսպանատուն, այլ այդ մասնավոր ընկերության երևանյան գրասենյակ, որին դեսպանատունը փոխանցել է վիզաների տրամադրման համար թղթաբանությամբ զբաղվելու գործառույթը:
Epress.am-ի հետ զրույցում Նելլի Փայտյանը պատմում է, որ ինքը այսպիսով կրել է թե բարոյական և թե ֆինանսական մեծ վնաս, որի համար, կարծես, որևէ մեկը չի վերցնում պատասխանատվություն։
«Բանն այն է, որ Միացյալ Թագավորության մուտքի վիզա Հայաստանում արդեն երեք տարի է՝ այլևս չի տրամադրում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը, այլ Վիզաների կենտրոնը, որ մեզ հեռախոսազրույցի ընթացքում փոխանցեց, որ ընդամենը մասնավոր կազմակերպություն է և նշել է, որ մեղավոր չէ այն տեխնիկական սխալի համար, որը տեղի է ունեցել և տեղյակ չէ, թե որևէ ֆինանսական փոխհատուցում կլինի այդ տեխնիկական սխալի դիմաց, թե ոչ, քանի որ իրենք դրա համար պատասխանատու չեն, պետք է դիմենք Միացյալ Թագավորության վիզաների և միգրացիայի հարցերով զբաղվող գլխամասային գործակալություն, որը գտնվում է Լոնդոնում:
Այս նույն խնդրի առաջ կանգնած է նաև իմ գործընկեր Գրիգոր Երիցյանը, ով կազմակերպության գործադիր տնօրենն է և միասին պետք է մեկնեինք:
Եթե համեմատենք շենգենյան վիզայի դիմումների լրացման գործընթացի հետ, Միացյալ Թագավորության մուտքի արտոնագրի համար պարտավոր ես լրացնել մի քանի անգամ ավել անձնական տվյալներ՝ որտեղ և քանի տարի, քանի ամիս և օր ես գրանցված ապրում, որքան գումար ես աշխատում, որքան ես ծախսում, որքան գումար ես հետդ տանելու, հին անձնագրերի տվյալները, բոլոր նախկինում ճամփորդած երկրների և անցկացրած ժամանակի մասին տվյալներ, ծնողների տվյալները և այլն։ Ես իմ ամբողջ անձնական կյանքը հանձնել եմ Վիզաների կենտրոնին օգոստոսի ամսին։ Վճարել եմ 168 եվրո մուտքի արտոնագրի վճար, իսկ գործընկերս` մոտ 200 եվրո, հանձնել եմ անձնագիրս, որ արդեն պետք է վերադառնար։ Քանի որ մեկնման օրերը մոտ էին, նաև մեկնելու տոմսն էի գնել: Երկու օր առաջ ինձ զանգահարում են Վիզաների կենտրոնից և ասում են` կներեք, մենք տեխնիկական մեծ խնդիր ենք ունեցել համակարգի հետ, ձեր բիոմետրիկ տվյալները չեն հասել Միացյալ Թագավորություն։ Կփորձենք այնպես անել, որ ձեր անձնագիրը մյուս շաբաթվա վերջ հետ գա։ Եկեք նորից հանձնեք մատնահետքեր, նորից դրանք կուղարկենք իմիգրացիոն ծառայություն և դրանից հետո Ձեր անձնագիրը կվերադառնա հավանաբար մյուս շաբաթվա վերջ, այնինչ ծրագիրը արդեն երկու օրից սկսում է։ Ես հարցնում եմ՝ ի՞նչ կարող եք առաջարկել. ֆինանսական փոխհատուցում կլինի՞՝ բարոյական և ֆինանսական վնասի համար։ Վիզա կենտրոնից ասում են՝ մենք ընդամենը hired company ենք (վարձված ընկերություն): Ոչինչ չենք կարող ասել, դա մեզ չի վերաբերվում: Անձնագրերը խոստացել են մյուս շաբաթվա վերջ ուղարկեն, բայց մենք չենք կարող երաշխավորել: Իսկ ինձ այս պահին անձնագիր է հարկավոր: Անձնագիրս գտնվում է այլ երկրի տարածքում, և ոչ ոք չի կարող երաշխավորել, թե այն երբ հետ կգա, չէ որ դա այլ երկրի սեփականությունը չէ և առանց անձնագրի ոչինչ չեմ կարող անել Հայաստանում և առավել ևս Հայաստանից դուրս, եթե օրինակ առողջական պատճառներով շտապ պետք լինի մեկնել», ֊ պատմել է Նելլի Փայտյանը։
Միացյալ Թագավորության վիզաների ընդունման կենտրոն զանգահարելը հավելյալ ծախս է, քանի որ զանգի մի րոպեն արժե 1.37 ֆունտ, իսկ էլեկտրոնային նամակ գրելն արժե 5.48 ֆունտ ստերլինգ։
Իսկ Հայաստանում վիզաներով զբաղվող Teleperformance ընկերությունը ոչ հեռախոսահամար է տրամադրում, ոչ էլեկտրոնային հասցե, կայքում ոչինչ չկա:
Լոնդոնում կայանալիք կրթական այցը կանանց հզորացման թեմայով երիտասարդական ծրագրի վերջին փուլն էր։ Առաջին երկու փուլերը տեղի են ունեցել Հայաստանում, և ծրագրին մասնակցել են երիտասարդներ՝ Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրներից:
«Ամենազավեշտալին այն է, որ սա կոչվում է Youth Mobility Project, այսինքն՝ երիտասարդության շարժունակության ծրագիր, և ենթադրում է, որ երիտասարդները պետք է կարողանան մեկնել կրթական ծրագրերի առանց խոչընդոտների։ Եթե գոնե ասեին, որ ֆինանսական որևէ փոխհատուցում կփորձեն անել կամ ամեն ինչ անել, որ ավելի արագ ամեն ինչ ընթանա, դա որևէ կերպ հասկանալի կլիներ, բայց կարծես սրա դիմաց ոչ մի կողմը չի ցանկանում պատասխանատվություն կրել: Ստացվում է, որ ես օրենքով սահմանված կարգով հանձնել եմ բոլոր փաստաթղթերս` վճարելով համապատասխան գումար և ոչ մի երաշխիք չունեմ, թե դրանց հետ ինչ կլինի, եթե տեխնիկական խնդիրներ առաջանան», ֊ ասել է Նելլի Փայտյանը:
Նշենք, որ բրիտանական Guardian թերթը օրեր առաջ հրապարակել է հոդված, որում ներկայացնում է, որ բրիտանական կառավարությունը մեծ գումարներ է աշխատում օտարերկրացիներից գանձվող վիզաների վճարների հաշվին։ Որոշ վիզաների տեսակների համար վճարները անցյալ տարվա համեմատ ավելացել են 23 տոկոսով։ Այս վճարների ավելացումը կառավարությունը բացատրում է բյուջեյի պակասորդը օտարերկրացիների հաշվին լցնելու ցանկությամբ։