Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի աշակերտները միայն վաղվանից՝ սեպտեմբերի 12-ից, կհաճախեն դպրոց։ Փյունիկի դպրոցը 2,5 կմ հեռավորության վրա գտնվող Արտավազ գյուղի դպրոցին միացնելու Կառավարության օգոստոսի 24-ի որոշումից հետո՝ ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին ուսման ուղարկել։ Երկու գյուղերն այժմ միավորված են մեկ համայնքի մեջ։ Այսօր Փյունիկի դպրոցականները և ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության դիմաց։
Epress.am-ի հետ զրույցում Արտավազի համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանը նշել է, որ բողոքի ակցիայի եկած փյունիկցիներին խոստացել են մի քանի ամսով հետաձգել Կառավարության որոշումը, սակայն կոնկրետ ժամկետ չեն նշել։ Մեզ հետ զրույցում համայնքապետն ասել է, որ իրենք դեռ այն ժամանակ մոտ 40 աշակերտ ունեցող Փյունիկի դպրոցի սաներին խոստացել են ապահովել մեքենայով, իսկ դպրոցի 12 աշխատակիցներին՝ աշխատանքով։
«Դե խաբելով չի, ասացինք, որ ապահովելու ենք տրանսպորտով։ Դե նրանք ուղղակի չեն համարկերպվում այն մտքի հետ, որ իրենց դպրոցը փակելու են», -ասել է համայնքապետը։ Վերջինս հավաստիացրել է, որ վաղը աշակերտները Փյունիկի դպրոց են գնալու։