Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերից մեկի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայակիցներ՝ ջոկի հրամանատարներ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը։
Կայքի հետ զրույցում ոստիկանությունից նշել են, պարեկապահակային հսկողություն իրականացնող ոստիկանների մոտենալու ժամանակ 3-ը դիմել են փախուստի, մեկին՝ 26-ամյա Յուրի Նիկոլաևին հայտնաբերել են գետնին ընկած: Ըստ տեղեկությունների, վերջիններս եղել են հարբած վիճակում:
Յուրի Նիկոլաևին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով: Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը կայքի հետ զրույցում, նշել է, որ զինծառայողն ունի փակ գանգուղեղային վնասվածք, մաղոսկրի կոտրվածք (գանգի հիմ, առաջնային գանգափոս), գլխուղեղի սալջարդ, թեթև աստիճանի աջ վերին կոպի սալջարդ, արյան զեղում:
Դեպքի մասնակից ջոկի հրամանատարները ոստիկանությունում բացատրություն են տվել: Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերից մեկում ռազմաբազայի ջոկի հրամանատարները նստել, միասին կերուխումի են մասնակցել, հետո որոշել են շարունակել կերուխումը մեկ այլ վայրում:
«Դուրս գալով շենքի բակ՝ սկսել են տարբերակներ քննարկել՝ ուր գնալ, ամեն մեկը մի տեղ է ուզել, վերջիններիս միջև անհամաձայնություն է սկսվել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Նրանից մեկը՝ Գիզատուլաևը խփել է Յուրի Նիկոլաևին: Նրան գետնի վրա հայտնաբերած ոստիկանները տեսել են, որ արյունահոսում է, շտապօգնություն են կանչել՝ նրան տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն: Ի դեպ, Նուրսուլթան Գիզատուլաևը իր ցուցմունքում նշել է, որ ընդամենը խփել է Յուրի Նիկոլաևի աչքին, մինչդեռ, ըստ բժիշկների, գլխի լուրջ վնասվածքներ է ստացել: Ընթանում է հետաքննություն՝ պարզելու, թե մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողը վա՞յր է ընկել, թե՞ գլուխը ջարդվել է ծեծի ենթարկվելուց», -գրում է կայքը: