Home / Առողջապահություն / Կնոջ կյանքին վտանգ է սպառնում․ պետությունը ամուսնուց պաշտպանելու մեխանիզմ չունի

Կնոջ կյանքին վտանգ է սպառնում․ պետությունը ամուսնուց պաշտպանելու մեխանիզմ չունի

Ամիսներ շարունակ Նաիրա Սմբատյանն ահազանգում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, իսկ ամուսինը՝ Արա Խաչատրյանը (ամուսնալուծությունն ընթացքի մեջ է), փորձում է խլել 3-ամյա որդուն։ Կինը և նրա փաստաբան՝ Նոնա Գալստյանն ահազանգում են, որ նախօրեին Խաչատրյանն ամուսինների 3 դստրերի միջոցով փորձել է գողանալ որդուն։ Մալաթիայի բաժնի ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել՝ նշելով, որ իրենք մեխանիզմներ չունեն կնոջը պաշտպանելու, կարող են արձագանքնել, երբ ինչ-որ հանցագործություն տեղի ունենա։ Epress.am-ը զրուցել է կնոջ և նրա պաշտպանի հետ։

Ես ձեզ չե՞մ ասել, որ երեխային խլեք ձեռքից․ հայրը հրահանգում էր դստրերին

Սեպտեմբերի 13-ին Նաիրա Սմբատյանը 3-ամյա որդու, իսկ նրա ամուսինը՝ Արա Խաչատրյանն իր 3 դստրերի հետ գնացել էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ։ Ամուսինները դատարան ամուսնալուծության հայց են ներկայացրել։ Այդ  պետք է փորձաքննություն իրականացվեր, փորձագետը զրուցեր երեխանների և երկու ծնողների հետ, պարզեր հոգեվիճակը, երեխաների կապվածությունը նրանց հետ և այլն։ Հետագայում այդ եզրակացությունը պետք է ուղարկվեր դատարան և որոշվեր, թե երեխաները ծնողներից ում մոտ պետք է մնան։

Նաիրա Սմբատյանը հիշում է, որ դեպքից առաջ, երբ փորձում էր հեռախոսով խոսել դստրերի հետ, լսում էր, որ ամուսինը հուշում էր՝ 13-ին կտեսնեք, թե ինչ կլինի․ «Իրենք արդեն նախապատրաստված են եղել, որ այդ օրը որդուս կխլեն»։

«Երեխաներին բերել էր կոնկրետ գործողություններ անելու՝ երեխային տանելու։ Ինքը սրբություն չունի, եթե իր երեխաներին սիրեր, հրահանգ չէր տա, որ նրանք խլեն եղբորը», ֊ պատմում է կինը։

Փորձաքննության ժամանակ Նաիրան և Արան եղել են տարբեր սենյակներում։ Իսկ 4 երեխաներին՝ ՊՈԱԿ-ի կին աշխատակիցներից մեկի հսկողության տակ են թողել։ Նաիրայի խոսքով՝ ինքն ասել է, որ վախենում է՝ իր և որդու կյանքին վտանգ է սպառնում։ Սակայն այնտեղ ասել են՝ մի՛ անհագստացեք, մենք ունենք ուժեղ անվտանգություն։

Նաիրան պատմում է, որ փորձաքննության ընթացքում ինքն անընդհատ լսում էր Արայի բարձր ձայնը և աղմուկը․ «Ես հետո հասկացա, որ ինքը շոու էր անում, որ բոլորի ուշադրությունը շեղի։ Մարդիկ իրանով տարվեն»։

Այդ ընթացքում կինը լսում է որդու՝ Ֆելիքսի ձայնը։ Սենյակից դուրս գալով՝ կինը տեսել է, ինչպես են աղջիկները փախցնում երեխային․ «Մեծ աղջիկս դուռը պահել էր, որ ես չանցնեմ, իսկ մյուսները փախցնեն երեխային։ Ես գոռում էի՝ ինձ օգնեք, ու՞ր է անվտանգությունը»։

Նաիրան որդուն դժվարությամբ կարողանում է վերցնել աղջիկների ձեռքից․ «Այնտեղից Արան գոռում էր՝ երեխանե՛ր, ես ձեզ չէ՞ի ասել՝ վերցրեք, հրեք, գցեք դրան, վերցրեք»։

Երեխան գրկին Նաիրան պատստպարվում է հսկիչ անցագրային կետի փոքր սենյակում․ «Արան աղջիկներին որպես ախրանա կանգնեցրեց այդտեղ, ասաց՝ մուտքը փակեք, չթողնեք դուրս գա։ Մուտքը փակեցին, այդ փոքրիկ տնակում շատ շոգ էր, երեխան էլ վատ էր զգում իրեն»։

Նաիրայի խոսքով՝ ՊՈԱԿ-ի և իրեն այնտեղ բերած անվտանգության աշխատակիցները փորձել են հանդարտեցնել իրավիճակը, սակայն Խաչատրյանը հարձակվել է նրանց վրա։ Իսկ աղջիկները սկսել են գոռալ՝ մեզ բռնության մի՛ ենթարկեք․ «Այն դեպքում, երբ մարդիկ չեն էլ կպել նրանց»։

Արան իր հերթին է զանգահարում ոստիկանություն՝ ասելով, որ իր երեխաներին բռնության են ենթարկում, ՊՈԱԿ-ի աշխատակիցներն էլ՝ իրենց հերթին են զանգահարում․

«Այդ ընթացքում Արան ասում էր՝ ես քեզ կնստեցնեմ, ես բանտում էլ ծանոթ ունեմ, փող էլ ունեմ, դատավորներ էլ ծանոթ ունեմ, դուք կտեսնեք ձեր հալը»։

Նաիրան հիշում է, որ երբ 10-ամյա աղջիկը «մոռացել է կարծես՝ ինքն ուր է եկել, սկսել էր տերևներ հավաքել, Արան մեկ էլ թեևից քաշել է՝ գոռալով՝ ես քեզ ինչի՞ համար եմ բերել, դու ինչ ես անում»։

Երբ ժամանել են ոստիկանության աշխատողները՝ Նաիրային և որդուն բաժին տանելու և բացատրություն վերցնելու համար, Արան երկու անչափահաս երեխաներին կանգանցրել է մեքենայի հետևում, իսկ ինքը կանգնել է առջևի մասում՝ ճանապարհը փակելու համար։

«Այդ ամենը կատարվել է ոստիկաննների աչքի առաջ, հետո ոստիկանության շենքի մոտ էլ ասում էր՝ մտնես, այնտեղից դուրս չես գա։ Ոստիկանության բաժանմունքը ոչինչ չարեց մեզ օգնելու համար։ Ասացին միայն՝ մենք ոչինչ չենք կարող անել, մարդն իր տղային է ուզում տեսնել»։

Արա Խաչատրյանը ոստիկանությունում որևէ ցուցմունք, բացատրություն չի տվել, թեև ահազանգողը ինքն է եղել։

Նաիրան մեր թղթակցին ասել է, որ ինքը շատ է վախենում Խաչատրյանից և իրեն ապահովված չի զգում․ «Միակ իմ հույսը կանանց աջակցությունն է (կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների֊խմբ․), եթե ինձ չպաշտպանեն, ես ոչ մի կառույցի կողմից ինձ պաշտպանված չեմ զգում»։

Դեպքից հետո Նաիրայի 3-ամյա որդին վախեցած է, նա քնած ժամանակ անընդհատ ցնցվում է, երազում ասում է․ «Ոտքերս, բաց թողեք»։

Եթե որևէ հանցագործություն կատարվի պատասխանատվությունը կրում է պետությունը․ փաստաբան

«Պետական որևէ մարմին մինչ օրս ադեկվատ ու իրավաչափ չի արձագանքում Արա Խաչատրյանի անօրինական գործողություններին։ Ստացվում է՝ նա, երբ ուզի, ինչ ուզի, ինչպես ուզի կարող է անհնագստացնել կնոջը, բռնություն գործադրել կնոջ և երեխայի նկատմամբ, և որևէ մարմին ո՛չ անվտանգությունն է ապահովում, ո՛չ երեխայի շահերից բխող գործողություն է կատարում», -մեզ հետ զրույցում ասել է Սմբատյանի պաշտպան՝ փաստաբան Նոնա Գալստյանը։ Նա նշել է, որ արդեն մի քանի անգամ ոստիկանությունն ասել է՝ ես այստեղ անելիք չունեմ, չունեմ մեխանիզմներ, ձեր խնդիրն է, գնացեք, ոնց ուզում եք հարցերը լուծեք։

«Փաստորեն մենք չունենք, որևէ պետական մարմին, որ քաղաքացու անվտանգությունը ապահովի, եթե կա վտանգ, քաղաքացին ինքը պետք է իրեն պաշտպանի», ֊ ընդգծում է Գալստյանը։

Փաստաբանը շեշտել է, որ եթե այս դեպքում տեղի ունենա որևէ հանցագործություն, ապա ինքը պնդում է, որ ողջ պատասխանատվությունը ընկնում է պետության վրա։

Նոնա Գալստյանը հիշեցրել է 2016 թվականին տեղի ունեցած Թագուհի Մանսուրյանի դեպքը, երբ վերջինիս նախկին ամուսին Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր Թագուհուն և նրա ծնողներին։ Վիրավորումից մահացել էր մայրը՝ Կարինե Մանսուրյանը։ Դեպքից ժամեր առաջ նախկին ամուսնու կողմից սպառնալիքների մասին Թագուհին ոստիկանությունում հաղորդում էր տվել։ Երբ կեսգիշերին վերջինս և մայրը վերդարձել են տուն, խնդրել են ոստիկաններին իրենց ուղեկցել մինչև տան մուտքի մոտ՝ վախենալով, որ Մարտիրոսյանը կարող է այնտեղ դարանակալած լինեն։ Ոստիկանության աշխատակիցները մեքենայից նայել էին միայն շուրջը և ասել, որ ամեն ինչ կարգին է։ Հենց բնակարանի մուտքի մոտ էլ տեղի էր ունեցել սպանությունը։