Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անձնագիր չէ, վա՜յ մեզ, երբ այսպես ենք մոտենում Հայաստանին: Այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ասել է Մեծի տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն։ Նրա խոսքով՝ Սփյուռքը, բացի պատահական ներդրումներից, կարող է նաև լայնածավալ և երկարաշունչ ծրագրերով մասնակցել Հայաստանի տնտեսության աճին։
«Մի կողմից բարեսիրական գործերով և մյուս կողմից «եկեք, բիզնես արեք» ասելով, որքան էլ նման նախաձեռնությունները գնահատելի լինեն, չենք կարող հզոր Հայաստան կերտել», -ասել է Արամ Ա-ն։
Նույն համաժողովում Արամ Ա֊ի խոսքից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական լույսի ներքո էր գնահատել Հայաստան֊Սփյուռք կապերը, խոսել Սփյուռքի «ներդրումային ուժի մասին»․ «Անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն։ Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան ուղղենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր»:
Արամ Ա֊ն, մինչդեռ, չի կիսել Սարգսյանի կարծիքը։ Իր ելույթում նա առաջարկել է իրատես լինել՝ խոսելով Հայաստանին սպառնող վտանգների մասին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը դատարկվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։
«Այս վտանգներով լի իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել․․․Պետք է Հայաստան-Սփյուռք համագործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից և այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը․․․
․․․Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկրտումներից։ Հետևաբար անհրաժեշտ և անհետաձգելի է նվազեցնել արտագաղթը և Հայաստանի բնակչության թվային աճը ապահովելու ձգտող կոնկրետ միջոցներ կիրառել։ Պետք է զգույշ լինել։ Եթե Հայաստանի տնտեսության զարգացումն ընթանա դանդաղ և փտածության առջև առնելը դժվար դառնա և մյուս կողմից, եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն թափով կարող է շարունակվել և աղքատությունը դառնա ամեն տեսակ սոցիալական և բարոյական չարիքների աղբյուր», -իր ելությում նշել է Արամ Ա-ն։