Կառավարությունն այսօր 3000 եվրո է հատկացրել` Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հերթական վճռի հիման վրա քաղաքացուն փոխհատուցելու համար։ ՄԻԵԴ֊ը վճռել է, որ հայցվոր Գագիկ Հովհաննիսյանի նկատմամբ պետությունն անօրինական կալանք է կիրառել։
Հովհաննիսյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 7֊ին, չնայած պաշտոնեական դիրքը չարաշահելով բռնություն կիրառելու մեղադրանքը նրան առաջադրվել էր դեռևս 2007 թվականին։ Այդ ժամանակ նա «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալն էր․ նրան մեղադրել էին կալանավորներից մեկին մահակով ծեծելու մեջ։ 2009 թվականին Հովհաննիսյանը դատապարվել էր 2 տարվա ազատազրկման։
ՄԻԵԴ ուղղված բողոքում Հովհաննիսյանը նշել է, որ մինչ 2008 թվականի փետրվարն ինքը 9 ամիս եղել է մեղադրյալ, բայց ազատության մեջ է եղել և որևէ կերպ քննությանը չի խոչընդոտել, ուստի իր կալանավորումը արդարացված չէր։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ ընդդիմադիր գործչի որդի է․ նրա հորը՝ Համլետ Հովհաննիսյանին, մեղադրանք են առաջադրել Մարտի 1-ի դեպքերից հետո, նա հետախուզվել է։ Հայրը 2008-ի նախագահական ընտրություններին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանի աջակիցներից էր, և Գագիկ Հովհաննիսյանին ձերբակալել են ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ։
ՄԻԵԴ֊ը համաձայնել է հայցի պահանջների հետ և Հայաստանին պարտադրել է փոխհատուցել նրա կրած բարոյական վնասի դիմաց։
Միջազգային դատարանը բազմից քննադատել է Հայաստանի Հանրապետությունը՝ նշելով, որ անհիմն կալանքը տարածված պրակտիկա է երկրում, ինչը հաստատվել է նաև նախկինում «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» և «Սահակյանն ընդդեմ Հայաստանի»։