հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Արմավիրի գյուղատնտեսները կորցնում են բերքը ջրի բացակայության պատճառով

Արմավիրի գյուղատնտեսները կորցնում են բերքը ջրի բացակայության պատճառով

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի (նախկինում Հոկտեմբեր) բնակիչ Վահան Մովսիսյանը լրագրողներին հրավիրել է նկարելու իր չորացած այգիները։ Նա պնդում է, որ ոռոգման ջուր չի ստանում, 10 տոննայանոց խաղողի այգուց 3 տոննա խաղող ստանալու հույս չունի։

«Վերցրել եմ դոլարով վարկ՝ 3.5 հազար դոլար, փակել եմ մի այլ վարկ, ու աճացրել եմ էս այգին։ Երեք տարվա այգի է, առաջին անգամ պետք է բերք ստանայի, էն էլ ջուր չեն տալիս։ Ջրմուղ զանգում եմ, էդ տղան ասում է՝ ուր ուզում ես դիմի»,֊ պատմել է Վահան Մովսիսյանը։

Նա նշում է, որ ջրի սակավության խնդիրն առավել արդիական է դարձել վերջին մի ամսվա ընթացքում, տուժել է ոչ միայն խաղողը, այլև պոմիդորի արտը։

«Ես պայմանավորվել եմ, որ խաղող եմ հանձնելու Կոնյաչնի և «ՄԱՊ» գործարան։ Հույս չունեմ, որ կունենամ էդքան խաղող»,֊ ասել է Մովսիսյանը։

Արմավիրի մարզում ջրի խնդիրը միայն Սարդարապատ գյուղի բնակչի մոտ չէ։ Արմավիր տանող ճանապարհին արտերը ևս չորացել են։ Գյուղակետ համայնքի բնակիչներից մեկը ցույց է տվել իր ելակի դաշտը։

«Ելակի սատիլներ ենք տնկել, 80 տոկոսը չորացել է։ Հիմա նորից պետք է սատիլենք, ջուր է պետք, որ կպնի։ Նորից տնկելը նոր աշխատողի վարձատրելու, նոր սատիլներ գնելու ծախս է, բացի դա շուտով ցուրտ կլինի, չի հասցնի բերք տալ»,֊ ասել է գյուղացին։

Գյուղակերտի բնակիչների խոսքով՝ մարզպետարանից ասում են, թե ջրամբարում մարդ է խեղդվել, ջուր դրա համար չեն տալիս, բայց այս պատճառաբանությանը չեն հավատում։

«Երեք ամիս է ասում են՝ մարդ է խեղդվել։ Ուղղակի ջուր չկա, քանի որ ամբողջ ջուրը տվել են ձկնաբուծարաններին, ինչքան փորում են՝ ջուր չկա»,֊ ասել է գյուղակերտցին, որը չի ցանկացել ներկայանալ։

Արմավիր տանող մայրուղու վրա բերք վաճառող գյուղացիներն ասում են, որ իրենք Գյուղակերտ, Մրգաշատ, Մայիսյան և այլ գյուղերի բնակիչների հետ մի ամիս առաջ փակել էին ճանապարհը։ Ջուրը տվել էին, բայց ընդամենը մի քանի օրով։

Ոռոգման ջուր չունենալը միակ խնդիրը չէ։

«Դուք անցյալ տարի էլ էիք եկել նկարելու, երբ թափում էինք վարունգը, գործարանները չէին մթերում։ Հիմա էլ թափում ենք վարունգը, կանաչին, քանի որ էնքան էժան է, որ իմաստ չունի քաղելը։ Կանաչին 30 դրամ է, ամբողջ գիշեր կանգնել եմ շուկայում, չի վաճառվել», ֊ ասել է Գյուղակերտի բնակիչներից մեկը։