Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից ավելի քան երկու ժամ փակ են պահել Արմավիր տանող միջպետական ճանապարհը:
«Ազատություն» ռադիոկայանի կայքի փոխանցմամբ՝ նրանք բողոքում էին, որ հավաքված բերքը` լոլիկը, վարունգն ու սմբուկը չեն կարողանում իրացնել, քանի որ գործարանները սահմանափակ քանակությամբ են բերք ընդունում։
Գյուղացիներին հանդիպած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոստացել է հարցին լուծում տալ, մի քանիսին էլ իր հետ տարել է մարզպետարան, որպեսզի քննարկի վերջիններիս վարկերը սառեցնելու հարցը։ Մնացած գյուղացիները, սակայն, թերահավատ են, որ հարցն այսպիսով լուծվելու է։
«Մեր ամբողջ Արշալույսում, դաշտում մի 1000 տոննա բադրջան հենց հիմա կա, որն անձրևի պատճառով արդեն փչացել է։ Խաբեցին, տասն օր առաջ, քսան օր առաջ, որ կընդունեն, չընդունեցին։ Մի պահ մի քիչ ընդունեցին ու վերջ, սահմանափակվեցին դրանով։ Մարզպետը մի շաբաթ խաբեց ինձ, ասեց բադրջանը կընդունեմ, զանգում եմ ոչ մի տեղ չեն ընդունում։ Ես կապնվում եմ գործարան, ասում են՝ «բիբար ճարի, բեր հետը», ես էլ ասում եմ՝ «ճարել եմ, գնացել եմ գյուղերից ճարել բերել եմ»։ Հիմա էլ ասում են՝ «թանկ է, բիբարն էժանացրու, որ քո բադրջանը ընդունենք»։ Եղա՞վ սա գործ», – ասաց գյուղացիներից մեկը։
Արշալույսցիները պատմել են, որ գյուղնախարարությունում թեև խնդրին տեղյակ են, սակայն մինչ օրս իրենց չեն այցելել։
«Եսիմ քանի միլիոն աշխատավարձ են ստանում, ո՞ւմն է պետք, բայց գյուղնախարարությունից էս տարի մեկը մտե՞լ է մեր մոտ, ոչ ոք», – ասել է գյուղացիներից մեկը։
Հարևան Գրիբոեդով գյուղում «Ազատության» թղթակցին ևս պատմել են, որ տոննաներով բերքը դաշտերում են թողել, հավաքածն էլ կուտակել են ճանապարհների վրա։
Գյուղացիներից Կարեն Բաղրամյանը նշել է, որ մինչ օրս գործարանի պատասխանին է սպասում, թեև բերքը արդեն փչացել է։
«Մի անգամ ասել են, որ տասն օրվա մեջ էդ հարցի պատասխանը կլինի, ու մինչև հիմա չկա ու արդեն էլ պետք չի, որ լինի, որովհետև չկա, փչացավ։ Մի հեկտար վարունգ ենք դրել, ընդամենը երևի ծախել ենք մի 20 հազա դրամի վարունգ։ Էդ ամբողջ ծախսերը, որ արել ենք սաղ մնացել են, նույնիսկ բանվորների հարցերը չենք կարողացել լուծել, դաշտը բաց ենք թողել», – ասաց Բաղրամյանը։