Անվճար սովորող ուսանողներին տարկետման հնարավորությունից զրկելու Պաշտպանության նախարարության նախագիծը քննարկվել է Կրթության և գիտության նախարարությունում։ Այս մասին Epress.am֊ին նամակով տեղեկացրել է ԿԳ նախարար Լևոն Մկտրչյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք նախարարությունը տեղյակ է բարձրագույն կրթության ոլորտում ՊՆ֊ի նախաձեռնած փոփոխություններից։
Նախարարը գրում է, որ իրենք ոչ միայն քննարկել, այլև որոշ փոփոխություններ են առաջարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում։ Այդ փոփոխություններն էլ Կառավարությունը ընդունել է օգոստոսի 31-ի նիստում և նոր խմբագրուրթյուններով է օրինագիծը ուղարկվելու Ազգային ժողով՝ քվեարկման։
Օրինագծի վերջնական տարբերակը, սակայն, շարունակում է սահմանել, որ տարկետման իրավունք կունենան այն ուսանողները, ովքեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։
Կրթության նախարարության փոփոխությունները փաստորեն չեն փոխում նախնական օրինագիծը հիմնական իմաստը և վերաբերում են երկրորդական խնդիրներին։
Մասնավորապես, ԿԳՆ֊ն ցանկացել է փոխել տարկետման մասին հոդվածի երկրորդ կետը և առաջարկել տարկետմում տալ ոչ միայն նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին, այլև միջին մասնագիտական ծրագրերով սովորողին։
ԿԳՆ֊ն նաև առաջարկել է տարկետման տրման վերջնաժամկետ սահմանել ոչ թե ուսանողի 26 տարին, այլ 28 տարին լրանալու օրը՝ բժշկական մասնագիտություններով սովորողների համար։
Վերջին առաջարկությունը վերաբերվում է զինվորական ծառայությունից հետո կրթության կազմակերպման հարցին։ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ պետք է կազմակերպվի ոչ թե Կառավարության սահմանած կարգով, այլ համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի։