Home / Դատարան / Վազգեն Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը հասցրած վնասը․ «Ժողովուրդ»

Վազգեն Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը հասցրած վնասը․ «Ժողովուրդ»

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով 2012-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց 5 տարի անց ազատ արձակվել, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ԴԱՀԿ ծառայությունից թերթին տեղեկացրել են, որ 2015 թվականի նոյեմբերին իրենք կատարողական վարույթ են հարուցել, ձեռնարկվել են բոլոր միջոցները Խաչիկյանին պատկանող գույքը և դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ, արգելադրվել է Վանաձորի բնակարանը։

«Այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»,֊ ասված է ԴԱՀԿ պատասխանում։

Վազգեն Խաչիկյանը ազատ է արձակվել սեպտեմբերի 28-ին նախագահի կողմից ներում ստանալուց հետո։

«Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը, պարզվում է, ոչինչ չունի։ Ստացվում է, որ Վազգեն Խաչիկյանը, ունենալով իրավաբանական կրթություն և զգալով իր գլխին սև ամպերի կուտակումը, մինչ գործի իրավաբական լուրջ ընթացքը, կամաց֊կամաց սկսել է իր ունեցվածքը օտարել, գրանցել է այլ մարդկանց անուններով։ Ու երբ գործը մտել է դատաքննության փուլ, Վազգեն Խաչիկյանի անունով այլևս որևէ գույք չի եղել», ֊ գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում