«Վանաձոր Քիմպրոմ» գործարանի 151 նախկին աշխատակիցներ հերթապահում են գործարանի մոտ, որպեսզի ապամոնտաժված գույքը չվաճառվի։ Այս մասին նախկին աշխատակիցները հայտնել են «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանին ուղղված նամակում։ Պատգամավորից նամակի հեղինակներն ակնկալում են աջակցություն՝ իրենց գումարները հետ ստանալու հարցում։ Ասատրյանը նամակն այսօր ընթերցել է Ազգային ժողովում։ Դրանում, մասնավորապես, ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ 2010 թվականի նոյեմբերի 1֊ից «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ֊ի մաս կազմող Վանաձորի ՋԷԿ֊ը հանվել և ընդգրկվել է «Ռեջիոն էներջի» ՓԲԸ֊ի կազմում։ Այդ ժամանակ «Ռեջիոն էներջի» ՓԲԸ֊ն ներդրում է կատարել Վանաձորի ՋԷԿ֊ի քիմկոմբինատի, ինչպես նաև քիմմանրաթելերի գործարանների վրա, ստեղծել է նոր արտադրամասեր, ձեռք է բերել նոր սարքավորումներ։ Իր գործունեության ընթացքում՝ մեկ տարում, «Ռեջիոն էներջի» ՍՊԸ֊ն չի վճարել 151 աշխատակիցներին 4 ամսվա աշխատավարձ և վերջնահաշվարկ, որը կազմում է 65 միլիոն դրամ։ 2014 թվականին Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Ռեջիոն Էներջին» ճանաչվել է սնանկ։ Քաղհայցով դիմել ենք դատգարան՝ մեզ չվճարված աշխատավարձի վճարման հարցով։ Դատարանը 07.07.2016 թվականին կայացրել է որոշում՝ ի օգուտ աշխատակիցներիս, սակայն մինչ օրս վճարում չի կատարվել։ Վերոնշյալ հարցով դիմել ենք համապատասխան մարմիններին, փորձել ենք տարբեր ԶԼՄ֊ների միջոցով բարձրացնել մեզ հուզող հարցը, սակայն մինչ օրս ոչ մի կոնկրետ քայլ չի կատարվել։ Չտեսնելով հարցի լուճման ճանապարհը՝ սույն թվականի հունիսի 15֊ից կազմակերպել ենք հերթապահություն ՋԷԿ֊ի մուտքի մոտ և թույլ չենք տալիս ՋԷԿ֊ից օտարել ապամոնտաժվող գույքը, մինչև չվճարվի մեր աշխատավարձերի պարտքերը։ Հարգելի պարոն Ասատրյան, ստացվել է մի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիները 6 տարի շարունակ չեն կարողանում ստանալ իրենց արդար քրտինքով վաստակած աշխատավարձերը»։