Home / Դատարան / Քննիչները արհամարհում են Վճռաբեկ դատարանի որոշումը․տուժողը դիմում է ՄԻԵԴ

Քննիչները արհամարհում են Վճռաբեկ դատարանի որոշումը․տուժողը դիմում է ՄԻԵԴ

Անասնապահ Զադա Բրոյանը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՀՀ Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ Արմավիր քաղաքի քննչական բաժինը խախտում է իր՝ արդար դատավարության իրավունքը։

Բրոյանի 35 ոչխարներին վրաերթի ենթարկելու գործը քննչիներն անընդհատ կարճում են, և նա չի կարողանում փոխհատուցում ստանալ։ Բրոյանն իր կրած վնասը  գնահատում է 2.240.000 դրամ։

«Գործի վերաբացումն ավելի վաղ պահանջել էր Վճռաբեկ դատարանը։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմաններում՝ քննիչները պարտավոր էին քննչական գործողություններ անել։ Սակայն ընդամենը 5 օրում վերաբացել և կարճել են գործը՝ առանց մեզ՝ տուժող կողմին տեղյակ պահելու» – Epress.am-ի հետ զրույցում ասել է Բրոյանի պաշտպան Ղևոնդ Պապոյանը։

Պաշտպանի խոսքով՝ իրենց կարճման մասին չտեղեկացնելով՝ քննիչները խախտել են նաև Սահմանադրական դատարանի որոշումներից մեկը, որը սահմանում է՝ քննիչը  պարտավոր է  քննության ընթացքում դիմել  կողմերին, հարցնել՝ ինչ միջնորդություններ ունեն։

«Իսկ մենք ունեինք միջնորդություններ՝ վկաներ հարցաքննելու, նոր փորձաքննություն նշանակելու մասին։ Ու զրկված ենք եղել դրանք ներկայացնելու իրավունքից», – ասել է փաստաբանը։

Արմավիրի քննչական բաժնի աշխատակիցները  գործը կարճել են արդեն 4 անգամ՝ հիմնավորելով, թե վրաերթ իրականացրած անձը՝ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի նախկին գյուղապետ Տոնական Ղազարյանը, որը ներկայիս գյուղապետի ամուսինն է, մեղավոր չէ՝ մառախուղ էր, նա հոտը չէր տեսել։

«Խախտվել է արդար դատգավարության իրավունքը։ Մենք դարձել ենք Հայաստանի ընտրովի արդարադատության զոհ։ Սա խտրական վերաբերմունք է», – ասել է Պապոյանը։