Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքաարդյունաբերություն կենտրոնը երկուշաբթի հրավիրում է մասնակցել հանքաարդյունաբերության փորձագետ Աարոն Ստիգսի բանախոսությանը։ Միջոցառումը կազմակերպվում է «Լիդիան Ինտերնեյշնլ» օֆշորային ընկերության աջակցությամբ։ Հայաստանցի բնապահպաններին այս կապը զայրացրել է․ նրանք կարծում են, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը նախաձեռնած «Լիդիանը», հեռու է պատասխանատու լինելուց։ Բնապահպանները մեղադրում են Ամերիկյան համալսարանին ընկերության փիառը ստանձնելու մեջ։
Միջոցառման ֆեյսբուքյան էջում բնապահպան Արփինե Գալֆայանը գրել է. «Զզվելի է, Ամերիկյան համալսարան, դու վերջապես ցույց տվեցիր քո իրական դեմքը։ Պատասխանատու հանքաարդյունաբերությունը և Լիդիան Ինթերնե՞յշնլ։ Իսկապե՞ս։ Ուրեմն Ջերմուկ առողջարանից 10 կիլոմետր հեռավորության վրա հանք շահագործելը, ցիանիդային տարրալվացումներից հետո առաջացած կեղտոտ ջուրը Արփա գետը լցնելը պատասխանատու հանքարյունաբերությո՞ւն է… Կեցցե՛ք։ Հիմա իմացանք ինչն եք դուք պաշտպանում ՝ փողը և կոռուպցիան»։
Բնապահպան Լևոն Գալստյանը, իր հերթին, գրում է․«Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություն (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթուղթ և տվել են Ամուլսարի ոսկու ծրագրի էկոլոգիական ռիսկերի գնահատականը… Բայց դուք որոշեցիք ոչ թե այս գիտական հետազոտությունները քննարկել, այլ զբաղվել Լիդիանի փիարով: Ամոթ․․»
Միջոցառման բանախոս Աարոն Ստիգսը խոսելու է ժամանակակից հանքարդյունաբերության և իր ստեղծած «Զրո վնասից անդին» գործիքի մասին։ Այս գործիքը 4 քայլից բաղկացած մեխանիզմ է, որը մշակված է հանքարդյունաբերողի և ազդակիր համայնքների միջև երկխոսությունը կարևորելու սկզբունքի վրա։ Այն մի քանի ցուցիչներով՝ սոցիալական, տնտեսական, բնապահպանական, չափում է՝ ինչ ազդեցություն է ունենալու հանքաարդյունաբերական տվյալ նախագիծը համայնքի բարեկեցության վրա։ «Զրո վնասից անդին» գործիքը մշակել է «Դեվոնշայր Ինիշիաթիվ» ընկերությունը, որը գործում է Կանադայում։
«Դեվոնշայր Ինիշիաթիվ»-ին բազմիցս քննադատել է Կանադայի բնապահպանական համայնքը։ Ընկերության դեմ բողոքի ակցիաներ է կազմակերպել «Դեվոնշայր Ինիշիաթիվ» Սոլիդարություն Հանքաարդյունաբերական անարդարության դեմ» ցանցը, (The Mining Injustice Solidarity Network): «Դեվոնշայր Ինիշիաթիվ»-ը քննադատության է արժանացել նաև Miningwatch Canada բնապահպանական նախաձեռնության կողմից։
Ըստ այս բնապահպանական կառույցի հրապարակումների՝ «Դեվոնշայր Ինիշիաթիվ»-ը ստեղծվել է ՀԿ-ների և հանքաարդյունաբերող ընկերությունների միջև երկխոսություն կազմակերպելու նպատակով, բայց դրանում ներգրավվել են այն ՀԿ-ները, որոնք դրական են վերաբերվում հանքաարդյունաբերողների շահերին։ «Դեվոնշայր Ինիշիաթիվ»-ի հիմնադիրներից « Իմնետ մայնինգ» կորպորացիան իր էջում նշում է, որ ՀԿ-հանքաարդյունաբերողներ նախաձեռնության նպատակն է վերջ տալ ՀԿ-ների և բիզնես հատվածի բևեռացմանը և այդ հարաբերությունների ապակառուցողական բնույթին։
Բնապահպանները նաև ընդգծում են, որ «Դեվոնշայր Ինիշիաթիվ»-ը անկախ երևալու համար աշխատում է համալսարանների հետ, օրինակ, Օտտավայի համալսարանի։
Պարզ չէ՝ արդյոք Աարոն Ստիգսը խոսելու է ընդհանրապես «Զրո վնասից անդին» գործիքի մասին միայն, թե իր դասախոսությունում անդրադառնալու է նաև Ամուլսարի հանքին: Անկախ դրանից, հարկ է ընդգծել, որ Ստիգսին անկախ փորձագետ դժվար է անվանել, քանի որ նա հանդիսանում է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Համայնքային զարգացման խորհրդատվություն» ծրագրի փորձագետ, իսկ ՄՖԿ-ն «Լիդիանի» ներդրողներից մեկն է եղել։
Կորպորացիան մի շարք ներդրումներ է կատարել «Լիդիան»-ում 2007թ-ից 2015թ-ը: Ներդրումներն ուղղված են երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը, իսկ 2010թ-ից` «Ամուլսար» առաջատար ծրագրի ուսումնասիրությունների և տեխնիկատնտեսական հիմնավորմանը` ի աջակցություն սոցիալ-էկոլոգիական ոլորտի կառավարման մեթոդների բարելավման: Վերջերս այն դադարել է ֆինանսավորել «Լիդիան»-ը՝ հայտարարելով, որ ընկերությանը հաջովել է ներգրավել ֆինանսական միջոցներ մասնավոր հատվածից: Կորպորացիան ընդգծել է, որ ձգտում է ներդրումներ անել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է` կայուն տնտեսական զարգացմանը նպաստելու համար։
Աարոն Ստիգսն անմիջականորեն կապված է «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության Կայուն զարգացման բաժնի փոխնախագահ Ռոբերտ Կարոյի հետ, որի հետ աշխատել է կանադական IAMGOLD և Breakwater Resources հանքաարդյունաբերական ընկերություններում։