հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Դատաքննության ընթացքի զարգացումը հուշում է՝ Ամուլսարի հանքի դեմ կարող է բողոքել միայն բեզոարյան այծը

Դատաքննության ընթացքի զարգացումը հուշում է՝ Ամուլսարի հանքի դեմ կարող է բողոքել միայն բեզոարյան այծը

Ամուլսարի հանքի շահագործման դեմ դատական գործընթացը տարվում է այն հունով, որ առաջիկայում ազդակիր համայնքի՝ Գնդեվազի բնակիչները  ևս կարող են հայտնվել ոչ պատշաճ հայցվորի կարգավիճակում: Այսօրվա նիսիտից հետո Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բնապահպան Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ նախորդ նիստին դատարանը զրկել էր բնապահպանական ՀԿ-ներին Ամուլսարի շահագործման օրինականությունը վիճարկելու իրավունքից:

Դատավոր Կարեն Զարիկյանը նման որոշում էր ընդունել՝ հիմնվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի սահմանափակումների վրա։ Այժմ միակ հայցվորը Գնդեվազի 15 բնակիչներն են։

Գրիգորյանը պատմել է, որ Զարիկյանը այսօր դատարանում հարց է բարձրացրել, թե եթե հանքի շահագործումը կարմիրգրքային կենսաբազմազանության ոչնչացման է հանգեցնելու, ապա այդպիսիով Գնդեվազ համայնքի բնակիչների կոնկրետ ո՞ր իրավունքներն են խախտվում։ Նման տրամաբանությամբ, նկատել է հայցվորների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, ստացվում է, որ այս գործով որպես հայցվոր կարող է հանդես գալ միայն բեզոարյան այծը:

Ալումյանը նաև հիշեցրել է մարդու առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի մասին և շեշտադրել, որ այդ բույսերի և կենդանիների պահպանությունը հենց մարդու համար է անհրաժեշտ, և դա է պատճառը, որ Գնդեվազը պետության կողմից ճանաչվել է որպես ազդակիր համայնք:

Իրավունքի խախտման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան, գործով որպես երրորդ կողմ հանդես եկող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանն ասել է, որ Գնդեվազ համայնքի բնակիչները մինչև 2012 թվականը դատական հայց չեն ներկայացրել Ամուլսարի շահագործման նախորդ նախագծի դեմ, որտեղ ներկայացված էր միայն «Տիգրանես» և «Արտավազդես» տեղամասերի շահագործման հարցը: Հետևապես, հայցվորները պետք է ապացուցեն, թե 2012 թվականի նախագծով «Էրատո» տեղամասի ավելացումն ինչպե՞ս է ազդում նրանց իրավունքների վրա:

Խոսելով այսօրվա դատական նիստի մասին՝ Արթուր Գրիգորյանը նշել է, որ, ըստ էության, փորձ է արվում ձևական-տեխնիկական պահանջներ առաջ քաշելով կանխարգելել գործի մանրամասների բովանդակային քննարկումը և հայցվորներին հերթով հեռացնել դատական պրոցեսից: Հենց այդ պատճառով է բարձրացվում այն հարցը, թե ի՞նչ ազդեցություն կունենա կոնկրետ «Էրատո» տեղամասի շահագործումը և ոչ թե հանքավայրի բոլոր տեղամասերի՝ գումարային ազդեցությունը: Սա մի ձևական պահանջ է, որը հնարավոր չէ ապացուցել ընդհանուր նախագծից կտրված վիճակում: Սրանով դատարանը կհամարի, որ զուտ այս տեղամասը որևէ էական ազդեցություն չունի և գնդեվազցիների՝ առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու հիմնարար իրավուքը չի խախտվում՝ վերջիններիս ևս դուրս թողնելով դատական գործըթացից:

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15.00-ին։