Home / Բնապահպանություն / Հայաստանում իրավապաշտպանների գործունեության պայմաններն անբավարար են․ զեկույց

Հայաստանում իրավապաշտպանների գործունեության պայմաններն անբավարար են․ զեկույց

2017-ի հունվարից հուլիս ամիսներին Հայաստանում իրավապաշտպանների դիտարկված ճնշումների և իրավախախտումների դեպքերը հիմք են արձանագրելու, որ Հայաստանում իրավապաշտպանների և իրավապաշտպան գործունեության պայմաններն անբավարար են՝ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու
համար։ Այս մասին ասված է Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպանական ցանցի կողմից այսօր տարածված կիսամյակային զեկույցում, որում անդրադարձ է արվում Հայաստանում իրավապաշտպանների և հանրային շահի պաշտպանների նկատմամբ 2017 թ. հունվար-հուլիս ամիսներին դիտարկված ճնշումների և նրանց գործունեությունը խոչընդոտող հիմնական դեպքերին։

«Ակնառու է, որ իրավապաշտպանները և հանրային շահերի պաշտպան ակտիվիստները բախվում են ոչ միայն Հայաստանի անկատար դատաիրավական համակարգին, այլև պետության կառավարման հաստատությունների (անգամ Երևանի քաղաքապետարանի) առաջացրած խոչընդոտներին, պետականամերձ հաստատությունների, պետության կողմից խրախուսվող պահպանողական մշակույթի, ինչպես նաև վերջին տարիներին թափ առած հակաիրավապաշտպան ակտիվիստների և բիզնես ոլորտի ու կուսակցական շահերի ջատագով ՀԿ-ների առաջացրած արգելքներին», ֊ նշում են զեկույցի հեղինակները:

Անդրադառնալով 2017-ին դատարաններում փաստաբանների հանդեպ ճնշումների արձանագրված դեպքերին՝ զեկույցն առանձնացնում է «Սասնա ծռեր» խմբի ու Սեֆիլյանի և մյուսների գործերը։ Մասնավորապես, հունիսի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների խոսքերով՝ իրենք փորձել են զննել Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի և այլ անձանց փաստաբաններին։ Մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը, Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը նշել են, որ կարգադրիչներն իրականում իրենց ցանկացել են խուզարկել, ինչն անօրինական է և ինչից իրենք հրաժարվել են։ Հարկ է նշել, որ ըստ փաստաբանների, դատարանի կարգադրիչները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում և «զննում» են միայն փաստաբաններին, իսկ դատավորին և դատախազներին՝ ոչ։ Համանման վերաբերմունքի են արժանացել նաև հուլիսի 3-ին տեղի ունեցած «Սասնա ծռեր» խմբի գործով, 32 մեղադրյալներից 18-ի մասով ներգրավված որոշ փաստաբաններ։ Դատական կարգադրիչները կամայական կերպով պաշտպանների մի մասին ներսի էին թողել առանց պայուսակները ստուգելու, իսկ մի քանիսին՝ Մուշեղ Շուշանյանին, Մոնիկա Մարգարյանին և Ինեսսա Պետրոսյանին, փորձել էին խուզարկել։ Համաձայն վերոնշյալ փաստաբանների, դատարանը խուզարկման գործողություններով, ինչպես նաև անհիմն սանկցիաներով, խոչընդոտում է իրենց պաշտպանական գործողությունների իրականացմանը։

ՀՌՀ Երևանը դատարանի նախաձեռնած գործողությունները գնահատում է որպես կողմերի հավասարության սկզբունքի բացահայտ խախտում և գործող փաստաբանների վրա ճնշման
փորձ։

Զեկույցի հեղինակներն անդրադարձ են կատարել նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների կողմից դրսևորած խտրական վերաբերմունքին։ Նշվում է, որ փառատոնի ցուցադրումից հանվել է նախապես հաստատված «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագիրը՝ կոմպրոմիսի գնալով հոմոֆոբ դիրքորոշում ցուցաբերած գործընկեր՝ Կինոգործիչների միության դահլիճ տրամադրելու պայմանին։ Ըստ դրա, միությունը պատրաստ էր ֆիլմերի ցուցադրման դահլիճ տրամադրել, եթե փառատոնը ծրագրից դուրս թողներ ԼԳԲՏ մարդկանց խնդիրներին անդրադարձող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմերը: Արդյունքում ողջ ծրագիրը չեղարկելու կոմպրոմիսային
քայլով «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն լուրջ հարված հասցրեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) հասարակական կազմակերպության իրավապաշտպան գործունեությանը, որն էլ վավերագրական «Լսիր ինձ» ֆիլմի պատվիրատուն է և ձգտում էր կինոյի լեզվով Հայաստանի հանրությանը ներկայացնել ԼԳԲՏ մարդկանց խնդիրները և ապահովել նրանց հանրային տեսանելիությունն ու իրավունքների պաշտպանությունը: Փառատոնը վայելում է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև վերջին տարիներին պետական գործերին իր աճող միջամտությամբ հանդես եկող Հայ առաքելական եկեղեցու աջակցությունը: Եթե առաջին
երկու հաստատությունները, չնայած իրավապաշտպանների կոչին, որևէ կերպ չի արձագանքել միջադեպին, ապա Առաքելական եկեղեցին հանդես է եկել բացահայտ հոմոֆոբ դիրքորոշմամբ՝ հայտարարելով, թե իրենք են հորդորել «Ոսկե ծիրանին» չցուցադրել ԼԳԲՏ մարդկանց մասին
պատմող ֆիլմերը:

ՀՌՀ Երևանը կոչ է անում «Ոսկե ծիրանին»՝ հետևողական լինել և ապահովել միջազգային փառատոնին հարիր մարդասիրական և իրավահավասարության իր հայտարարված սկզբունքները, ինչպես նաև կոչ է անում Կինոգործիչների միությանը վերանայել իրենց հոմոֆոբ կեցվածքը:

ՀՌՀ Երևանը նաև կոչ է անում ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ մշակույթի նախարարությանը բացահայտորեն դատապարտել տեղի ունեցածը և աջակցել ՀՀ սահմանադրությանը և միջազգային իրավունքին համահունչ ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանությունն իրականացնող ՀԿ-ներին՝ դրանով իսկ բացառելով մշակույթի ոլորտում խտրականությունը, ազատ արտահայտման իրավունքի և մշակութային բազմազանության արտահայտման սահմանափակումները և կանխելով Հայաստանում հոմոֆոբիայի հետագա տարածումը:

ՀՌՀ Երևանը կոչ է անում նաև Հայ առաքելական եկեղեցուն վերանայել իր կողմից մարդկանց որոշ խմբերի նկատմամբ ատելության քարոզին ու տարածմանն աջակցող քաղաքականությունը, առերեսվել քրիստոնեական իրական արժեք հանդիսացող մարդասիրությանը և գնալ ռեֆորմների՝ ի պաշտպանություն խոցելի խմբերի:

2017-ի հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջի հրապարակումներից մեկի տակ, որտեղ իրավապաշտպանը քննադատել է Հայաստանի կառավարությանը Մարտի 1-ի սպանությունների, բազմաթիվ ապօրինությունների, անարդարությունների և համակարգի դեմ դուրս եկած քաղաքացիներին ճնշելու համար, ստացել է մահվան սպառնալիք Աշոտ Ավանեսյան անվամբ օգտատիրոջ կողմից: Մահվան սպառնալիքին հաջորդել է ևս մեկ սպառնալիք ֆեյսբուքյան ցանցի մեկ այլ օգտատիրոջից: Հունիսի 5-ին Սաքունցը մահվան սպառնալիքի մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որն ուսումնասիրում է այն՝ պարզելու, թե արդյոք քրեական հետաքննություն սկսելու համար հիմքերն առկա են, թե ոչ: Միաժամանակ ոստիկանությունը հունիսի 8-ին Սաքունցին հրավիրել է ոստիկանություն: Համաձայն ոստիկանության, այն ուսումնասիրել է ԶԼՄ-ում տեղ գտած Սաքունցի հայտարարությունները և դրանք ուղարկել համապատասխան ստորաբաժանում՝ պարզելու արդյոք բավարար պատճառներ կան քրեական գործ հարուցելու համար: Առայժմ հայտնի չէ՝ որքանով են իրավապաշտպանի հանդեպ մահվան սպառնալիքի մասով իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քայլերն արդյունավետ:

ՀՌՀ Երևանը պահանջում է իրավապահ մարմիններից իրականացնել անհապաղ և պատշաճ հետաքննություն, գտնել իրավապաշտպանի հասցեին մահվան սպառնալիք հնչեցրած անձին և միջոցներ ձեռք առնել հետագայում բացառելու ցանկացած իրավապաշտպանի թիրախավորումն ու որևէ տեսակի սպառնալիքի հնչեցումը:

2017-ին շարունակվել են 2016-ից նկատելի դարձած ճնշումները բնապահպան ակտիվիստների նկատմամբ՝ նրանց գործունեությունը քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման մակարդակում խոչընդոտելու նպատակով։

Մասնավորապես, բնապահպան Արթուր Գրիգորյանը հայտնում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) և Սյունիքի մարզպետարանը խոչընդոտում են իր և իր գործընկեր բնապահպանների գործունեությունը հանքարդյունաբերությանը միջազգային չափանիշներ առաջադրող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) համակարգող՝ Բազմաշահառու կողմերի խմբի (ԲՇԽ) շրջանակներում։

Ըստ Գրիգորյանի, իր ձեռքի տակ եղած փաստերն ապացուցում են ԶՊՄԿ-ի և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անձնական և գործնական փոխկապակցվածությունը «Սիվիլ Վոյս» ՀԿ-ին և «Հանրային Դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ին (որ նույնն է՝ Paradiplomacy), որոնց միջոցով էլ Գրիգորյանի խոսքերով կաթվածահար է արվում
ԲՇԽ-ում բնապահպանների աշխատանքը։ Նշված՝ բիզնես շահերի հետ փոխկապված ՀԿ-ները ձգտում են ԲՇԽ աշխատանքային խմբից դուրս մղել երկար տարիների բնապահպան ջանքերով հայտնի գործիչներին՝ վերջիններիս ԶՊՄԿ հետ գործարքային կապեր վերագրելով։ Այնինչ, ըստ Գրիգորյանի, «Հանրային Դիվանագիտություն» ՀԿ-ն ինքը ղեկավարվում
է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլզա Պետրոսյանի կողմից։
Իսկ Վահե Հակոբյանը, նախքան մարզպետ նշանակվելը, ԶՊՄԿ-ի վարչական տնօրենն է եղել և իր՝ 2016-ի տարեվերջյան հանրային հաշվետվության համաձայն, նույն ընկերությանը կից բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Արթուր Գրիգորյանի և Ինգա Զարաֆյանի (երկուսն էլ ԲՇԽ անդամ են) նկատմամբ հանրային մեղադրանքները տարածվել են դեռևս 2016-ին՝ անհայտ անձանց կողմից՝ ֆեյսբուքյան փակ խմբում անիմացիոն հոլովակ տարածելու միջոցով։ Ոստիկանությունը 2016-ին հրաժարվել էր վարույթ հարուցել և բացահայտել հոլովակի հեղինակներին` համապատասխան մեխանիզմի բացակայության հիմնավորումով։

ՀՌՀ Երևանը գտնում է, որ իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել ԲՇԽ աշխատանքների խոչընդոտման, հոլովակի ստեղծման և ԶՊՄԿ և Սյունիքի մարզպետարանի հետ փոխկապակցված ՀԿ-ների գործունեության միջև հնարավոր կապերը։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ