«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով այլ կալանավորների շրջանում «Սասնա ծռերի» մասին ատելության քարոզից պաշտպանելու համար իրեն առանձին բանտախուց տեղափոխել։
«Առաջին իսկ օրերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե իբր իշխանություններն ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում՝ այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների և մյուս կալանավորված անձանց միջև։ Բացի դա, ինչ սկսվեց մեր գործերով դատավարությունը, հաճախակի դարձան խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչն ապագայում հանգեցնելու է լարվածության և չի բացառվում՝ նաև բախումների։ Չնայած այն բանին, որ «Սասնա ծռերի» և այլ կալանավորների միջև միշտ եղել են բարիդրացիական և նույնիսկ ջերմ հարաբերություններ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր և չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված, առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով», – ասված է Գերավետյանի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը։
Վարդան Գերավետյանը նաև պահանջում է քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար ռեժիմի կողմից ձերբակալված բոլոր անձանց ճանաչել քաղբանտարկյալ, այդ թվում՝ «Սասնա ծռերին», Շանթ Հարությունյանին, Անդրեաս Ղուկասյանին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին։ Գերավետյանը գրում է նաև դատարանում «Սասնա ծռերին» ծեծելու աղաղակող փաստի մասին, սակայն անիմաստ է համարում դատական համակարգին որևէ պահանջ ուղղելը։
Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանը մինչև խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելը, 9 տարի խաղաղ պայքար է տարել Երևանի քաղաքային իշխանությունների, Կառավարության դեմ, ում որոշման համաձայն, ինքը 25 այլ սեփականատերերի հետ 2007 թվականին զրկվել էր իր բնակարանի նկատմամբ իրավունքներից։
Կառավարության 2007 թ․ որոշմամբ՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել էին բացառիկ հանրային գերակա շահ և որոշում էր ընդունվել դրանք քանդել՝ տարածքը հանձնելով գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերզ» ընկերությանը, որն էլ պետք է փոխհատուցում տա բնակիչներին։ Գերավետյանը և մի քանի տասնյակ այլ բնակիչներ փոխհատուցման շուրջ ընկերության հետ չեն պայմանավորվել: Գերավետյանն ակտիվ էր շենքերը պահպանելու համար մղվող պայքարում, դատական նիստերի էր մասնակցում և բողոքի երթեր նախաձեռնում։ Շենքերի պահպանման խաղաղ պայքարը այդպես էլ հաջողություն չունեցավ։ Քաղաքապետարանը չանսաց բնակիչներին, դատարանները վճիռներ կայացրեցին՝ ի օգուտ «Լոքալ դեվելոփերզ» ընկերությանը: