«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն օրեր առաջ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով խմբի անդամների և այլ քաղբանտարկյալներին առանձնացնել մյուս կալանավորներից։ Նրա պահանջի, առողջական վիճակի և «Սասնա ծռեր»-ի անդամների խցերում նպատակային խուզարկությունների մասին Epress.am-ը զրուցել է Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի հետ։
Դավիթ Գյուրջյան
«Վարդան Գերավետյանն, առաջին հերթին, հենց իր խցակիցների իրավունքներից ելնելով է գնում այս քայլին, որ նրանք ևս զրկանքների չենթարկվեն «Սասնա ծռեր»-ի պատճառով, ու իրենք էլ դժգոհության թիրախը չդառնան», – նշում է Գյուրջյանը։ Այն հարցին, թե արդյոք ինչ-որ կոնկրետ դեպք է եղել, որ Գերավետյանին դրդել է այդ մասին բարձրաձայնել հացադուլի միջոցով՝ պաշտպանը բացասական պատասխան է տվել։ Հակառակը՝ Գերավետյանը բարիդրացիական հարաբերություններ է ունեցել նախկին խցակիցների հետ․ «Նա պարզապես ողջամիտ և հիմնավոր կասկած է հայտնում այն մասին, որ եթե նպատակային խուզարկությունները շարունակվեն հենց «Սասնա ծռեր»-ի անդամների խցերում, ապա դա այսպես թե այնպես բերելու է խցակիցների կողմից դժգոհության։ Որն էլ հանգեցնելու է ինչ-որ կոնֆլիկտների»։
Գերավետյանը, պաշտպանի փոխանցմամբ, պահանջում է, որ իրեն և «Սասնա ծռերի» մյուս անդամներին, հատկապես նրանց, որոնք «Նուբարաշեն»-ում են պահվում, տեղափոխեն առանձնացված խցեր, որպեսզի իրենք հնարավորինս զերծ մնան վկայակոչված վտանգներից։
Հարցին՝ արդյոք «Սանսա ծռեր» խմբի անդամները հնարավորության դեպքում կցանկանան առանձին խցեր տեղափոխվեն, թե դա արդեն մեկուսացման նման մի բան կլինի, Գյուրջյանը պատասխանել է․ «Պետությունը պարտավոր է ապահովել կալանավորված անձանց անվտանգությունը։ Եվ դրա շրջանակում պետք է որոշակի գործողություն անի խցերի տեղաբաշխման հետ կապված։ ՔԿՀ-ի լիազորություններում է խցերում մարդկանց տեղաբաշխումը, և այդ լիազորություններից օգտվելով՝ հանգիստ կարող են այս հնարավորությունն ապահովել։ Պարտադիր չէ, որ օրենքով սահմանված լինի, որ դու պարտավոր ես քաղաքական ինչ-որ հայացքներ ունեցողին կամ քաղբանտարկյալին մեկ խցում պահել, մյուսին՝ մյուս։ Առավել ևս, որ քաղբանտարկյալը պետության կողմից երբեք չի ճանաչվում որպես այդպիսին»։
«Սասնա ծռեր»-ի խցերում խուզարկությունները նպատակ չունեն ինչ-որ բան փնտրել-գտնել․ Գյուրջյանի համոզմամբ, դա նպատակային ճնշում գործադրելու համար է արվում։ Հատկապես եթե հաշվի առնել, որ այդ ճնշումները սկսել են դատավարություններին զուգահեռ. «Այսինքն լրացուցիչ ճնշման մեթոդիկա է՝ կատարել նպատակային խուզարկություններ այդ խցերում, ինչը ենթադրաբար կառաջացնի խցակիցների դժգոհությունը․ այսպիսիով՝ կոնֆլիկտ սերմանել և ճնշում գորածդրել։ Կալանավորների համար ակնհայտ է, որ այդ խցերն են խուզարկվում»։
Գյուրջյանը նաև անդրադարձել է Գերավետյանի առողջական վիճակին։ Վերջինս ունի կոկորդում խպիպ ունի, որի դեպքում ամեն օր դեղամիջոցներ պետք է օգտագործել։
«Փաստորեն, նա հիմա հացադուլի մեջ է և չի կարող ընդունել դեղեր, որը կարող է ծանր հետևանքների բերել», – պաշտպանի խոսքով, սակայն, Գերավետյանն անդրդվելի է և առողջության հարցը մի կողմ է դրել։
Արդյոք Գերավետյանի պահանջը ձևակերպված գրավոր կերպով ներկայացվել է բանտի ղեկավարությանը կամ այլ իրավասու մարմիններին․ Գյուրջյանն ընդգծում է, որ իր պաշտպանյալն ինքն է որոշել միայն հրապարակային դաշտի միջոցով աշխատել։
«Անհարժեշտություն չկա դիմել այլ պետական մարմին, քանի որ նրանք լրահոսին հետևում են, լավ տեղեկացված են։ Գերավետյանը նաև բանավոր կերպով հայտնել է հացադուլի պատճառների մասին «Նուբարաշեն»-ի ղեկավարությանը։ Բոլորը գիտեն պահանջները և հնարավորություն կա դրանք բավարարելու», ֊ ասել է Գյուրջյանը։
Նշենք, որ «Սասնա ծռերի» մեկ այլ անդամ Տիգրան Մանուկյանը, հետևելով Գերավետյանի հայտարարությանը, արդեն չորրորդ օրն է՝ հացադուլ է անում։