հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Գերատեսչությունները հիմնականում անտեսել են ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին պատմող նամակները

Գերատեսչությունները հիմնականում անտեսել են ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին պատմող նամակները

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ՝ մայիսի 17-ին, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ էր ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, դատախազությանը և ոստիկանությանը։ Նամակներին, կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանի խոսքով, ըստ էության պատասխաններ գրեթե չեն եղել․ «Բոլոր այդ նախարարությունները պատասխանել են, որ իրենց իրավասությունների շրջանակներում չի տեղավորվում կազմակերպության առաջարկությունները քննարկել»։

Նշված գերատեսչություններին ուղարկվել էր նամակների երկու խումբ՝ մի մասը՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպության կողմից, մի մասը՝ ԼԳԲՏ անձանցից։ Նամակներում ներկայացվել էր ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը Հայաստանում՝ հիմնականում կազմակերպության կողմից արված հետազոտության տվյալների հիման վրա։ Նշված է, թե քանի տոկոս է կազմում հոմոֆոբիան Հայաստանում, ինչպիսի խնդիրների են առնչվում ԼԳԲՏ անձինք, որ ոլորտներում են այդ խնդիրները հիմնականում։ Դրան կից ներկայացվել էին առաջարկություններ՝ յուրաքանչյուր նախարարությանն՝ իր ոլորտին վերաբերվող մասերով։

«Հիմնականում հարցրել ենք՝ ինչ միջոցներ են պատրաստվում ձեռնարկել Հայաստանում ԼԳԲՏ անձնաց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, առաջարկել ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ ԼԳԲՏ անձանց իրավունքներն ավելի պաշտպանված լինեն։ Նաևհարցրել էինք՝ ինչ միջոցներ են պատրաստվում ձեռնարկել իրենց՝ միջազգային պայմանագրերով ստանձնաց պարտավորությունների իրականացման համար», – ասել է Հասմիկ Պետրոսյանը։

Պետրոսյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ, թե մոտավոր քանի նամակ են նախարարություններին ուղարկել ԼԳԲՏ անհատները, քանի որ այդ նամակների հոսքը իրենց կազմակերպությունը չի վերահսկել։

Անհատական նամակներին արձագանքել է Առողջապահության նախարարությունը՝ խնդրելով կոնկրետ օրինակներ տրամադրեն, թե առողջապահության ոլորտում ինչ խտրականության են ենթարկվել ԼԳԲՏ անձինք։ Գերատեսչությունը նշել է, որ երբ դեպքերը ներկայացվեն նախարարություն, դրանք կքննվեն և կորոշվի՝ ինչ միջոցներով հնարավոր է վերացնել խնդիրները։

Արդարադատության նախարարությունը, իր հերթին, պատասխանել է, որ այժմ խտրականության դեմ օրենքի նախագիծը քննարկման փուլում է և մոտ ժամանակներում այն պատրաստ կլինի։

Պետրոսյանը մտահոգություն է հայտնել, որ նախագծում այն կետը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք, անկախ սեռական կողմնորոշումից և/կամ գենդերային ինքնությունից, հավասար է և չի կարող ենթարկվել խտրականության, հնարավոր է՝ բաց թողնվի օրենքի նախագծից։

Նախարարությունը նշել է նաև, որ խտրականության դեմ պայքարի դրույթները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ազգային ռազմավարության ծրագրում։ Սակայն, ինչպես նշում է կազմակերպության իրավաբանը, այդ քննարկմանն իրենք ևս մասնակցել են և իրենց առաջարկությունները չեն ընդունվել։ Մասնավորապես, կազմակերպությունն առաջարկել էր ԼԳԲՏ անձնանց իրավուքնների պաշտպանության և հավասար իրավուքնների իրացման համար հավասար միջավայր ստեղծել։

Նամակ էր ներկայացվել նաև Սահմանադրական դատարան, որպեսզի այն իր լիազորությունների իրականացման շրջանակներում, գործերի քննության ընթացքում, հաշվի առնի այն շարժառիթները, երբ արարքը կատարվում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությամբ պայմանավորված։ ՀՀ օրենսդրությունը չի դիտարկում նման շառժառիթները՝ որպես ծանրացնող հանգամանք։