հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / 2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ Հայաստանում չհիմնավորված քրգործեր են հարուցվել․ HRW

2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ Հայաստանում չհիմնավորված քրգործեր են հարուցվել․ HRW

Հայաստանի կառավարությունը չի կարողացել լիարժեք հաշվետվողականություն ապահովել մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ միևնույն ժամանակ մեղադրանք է առաջադրվել առնվազն 32 ցուցարարների։ Նրանցից 21-ը մեղավոր են ճանաչվել, 11-ը՝ դատապարտվել է ազատազրկման:

Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է նշում է, որ հուլիսյան հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել՝ հարձակվելով ցուցարարների, ինչպես նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցերի բազմաթիվ առաջնորդների և հարյուրավոր մասնակիցների՝ ոմանց նկատմամբ հարուցելով չհիմնավորված քրեական գործեր:

«Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց ոստիկանական բռնության զոհերը դեռևս սպասում են արդարության և հաշվետվողականության, – հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Գիորգի Գոգիան, – Հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ լրջորեն խաթարված է, և արդյունավետ հաշվետվողականության գործընթացն անհրաժեշտ է այն վերադարձնելու համար»:

Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը՝ կազմակերպությունը նշել է, որ իրավապահները պատշաճ կերպով չեն նախազգուշացրել կամ փորձել օգտագործել ամբոխը ցրելու այլ՝ ավելի մեղմ միջոցներ: Ոստիկանությունը և նրանց հետ գործող քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների և որոշ լրագրողների վրա, հարվածել նրանց բռունցքներով, ոտքերով և ծեծել նրանց փայտե մահակներով և երկաթյա ձողերով։

Բացի դրանից՝ հուլիսի 17-ից 31-ը ոստիկանությունը կամայականորեն ձերբակալել է հարույրավոր ցուցարարների։ Որոշ ազատազրկվածների թույլ չի տրվել ստանալ շտապ բուժօգնություն։ Բազմաթիվ ձերբակալված անձանց զրկել են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում` իրենց ընտրությամբ անհապաղ փաստաբան հրավիրելու և հարազատներին իրենց ազատազրկման և գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հնարավորությունից:

Human Rights Watch-ը նշում է, որ իշխանություններն անհապաղ հետաքննություն են սկսել ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ, սակայն հետաքննությունը հանգեցրել է «սահմանափակ պատասխանատվության»: Իրավապահ մարմինների ծառայողներից որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:

Ճիշտ է, որոշ ոստիկաններ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդուհանդերձ 2016 թվականի դեկտեմբերին, նախագահ Սերժ Սարգսյանը «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալին, ով հուլիսի 29-ին մասնակցել էր ցուցարարների դեմ ոստիկանության իրականացրած գործողություններին: