Երևանի համար 32 մանկապարտեզում տիրող իրավիճակի պատճառով նախակրթարանի սաներից մեկը սթրեսի հետևանքով այցելում է հոգեբանի։ Այս մասին գրել է Armtimes.com֊ը։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մանկապարտեզը և երեխաները» խմբում 5-ամյա փոքրիկի մայրը նկարագրել է որդու խառնվածքի կտրուկ փոփոխությունը։
«Սեպտեմբերին տղայիս հերթը հասավ պետական պարտեզում, ոչ բարով։ Նրան նկարագրեմ. կենսուրախ, շփվող, միշտ ու բոլորին իր շուրջը համախմբող։ Եթե որեւէ մեկին տեսներ մենակ խաղալիս, էնքան կգնար կգար, մինչեւ այդ երեխան կմիանար իր խաղին։ Սեպտեմբերի 6-ից տեղափոխվեցինք այդ պարտեզ կոչվածը։ Չնայած և ես, և ամուսինս վախենում էինք չհարմարվեր խմբերի բազմաքանակ լինելու պատճառով: Բայց մոտ 10 օր շատ ուրախ և զվարթ գնում էր։ Ու ամեն օր և՛ տրամադրությունից ենք զգացել, և՛ հարցրել ենք. միանշանակ հավանել էր պարտեզը։ Սեպտեմբերի 17-ից սկսած հիմք դրվեց մեր մղձավանջին։ Տղաս առավոտյան արթնանում և չի ուզում տանից դուրս գալ: 2 օր ամուսինս համոզելով տարել է։ 3-րդ օրը ցանկություն հայտնեց, որ ես տանեմ` իր փոքր եղբոր հետ միասին։ Գնացինք։ Մեքենայից նույնիսկ դուրս չեկավ։ Ու վերջ!! Իմ շփվող, իմ ակտիվ Արենից բան չի մնացել։ Ամբողջ օրը վախեցածի պես տանն է։ Եթե ստվերս չի տեսնում, չգիտեմ ինչ վիճակի է լինում։ Հայրը չի կարողանում գնալ աշխատանքի, ստիպված իր հետ է տանում` այլ տարբերակ չկա։ Բացի դա` սկսեց ջերմել, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել ջերմությունը։ Պարզվեց ապրումներից է։ Դիմեցինք հոգեբանի»,- գրել է երեխայի մայրը:
Կայքը գրում է, որ Երևանի համար 32 մանկապարտեզում խմբերի ծանրաբեռնվածության և երեխաների հանդեպ վերաբերմունքի մասին մեկ անգամ չէ, որ ծնողները սոցցանցերում բողոքել են։ Մանկապարտեզի խմբերում երեխաների թիվը հասնում է մինչև 56, իսկ դաստիարակներն էլ երեխաներին պահում են վախի մթնոլորտում։
«Պարզվում է՝ այդ պարտեզ կոչված քրեակատարողականում, եթե երեխաները դանդաղ են ուտում ճաշը, դաստիարակը ասում է, որ բժիշկ են կանչելու, որ բոլորին սրսկեն։ Եթե ինչ-որ երեխա լաց է լինում, իրենց մամաներն ու պապաները չեն գալու իրենց հետեւից եւ այսպես շարունակ։ Ըստ հոգեբանի` իրեն անձամբ չեն ուղղվել այդ խոսքերը, բայց քանի որ տղաս զգայուն է, իր վրա էլ է վերցրել։ Ես հասկանում եմ, խմբում 56 երեխա, դա արդեն աբսուրդ է։ Բայց մի՞թե կարելի է երեխաներին այդ աստիճան վախեցնել: Ո՞վ է պատասխան տալու երեխայիս հետ պատահածի համար»,- պատմել է մայրը: