ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀԿ֊ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մերժել է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների նախագիծը։ Նախագծով առաջարկվում էր տեսաձայնագրել կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները՝ նրանց խոշտանգումներից զերծ պահելու նպատակով։
«Դա Եվրոպական խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է։ Հիշեցնեմ նաև, որ Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ խոշտանգումների կանխարգելման և արդար դատավարություն իրականացնելու որոշում է կայացրել, որտեղ հստակ արձանագրվում է, որ կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները տեղի են ունենում օրենքի կոպտագույն խախտումներով։ Ի՞նչն է խանգարում, որ մենք էս հարցը դարձնենք բովանդակային քննարկման առարկա», ֊ ԱԺ դահլիճում ասել է օրինագծի համահեղինակ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Օրենքի նախագծի դեմ ելույթ ունենալով՝ Գևորգ Կոստանյանն ասել է, որ տեսաձայնագրությունը կարող է կաշկանդել ցուցմունք տվող անձին։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը դեմ է արտահայտվել նրան, որ նման օրենքները մերժվեն հանձնաժողովներում և այդպես էլ չհասնեն ԱԺ նիստեր՝ բովանդակային քննարկման։
Նշենք, որ ՄԻԵԴ֊ի 2016 զեկույցի համաձայն՝ Հայաստանն ամենաշատն է խախտում մարդուն անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ պահելու, ազատությունը անհիմն չսահմանափակելու, արդար դատավարություն իրականացնելու և սեփականությունը հարգելու (հիմնականում Հյուսիսային Պողոտայի գործերով) պարտականությունները։