Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում հողատարածքի և այգիների սեփականատեր, փաստաբան Հարություն Բաղդասարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է ինքը՝ հայցվորը։
Ուսումնասիրելով ընկերության՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման ծրագիրը, Բաղդասարյանը լուրջ կասկածներ ունի, որ ծրագրի իրագործման հետևանքով մեծ վնաս է հասցվելու շրջակա միջավայրին, իսկ ինքն անձամբ կրելու է նյութական վնաս:
Հերհեր գյուղում Բաղդասարյանն ունի ծիրանի այգիներ և հողատարածք, որը ոռոգում է Կեչուտի ջրամբարից եկող ջրով։ Նա պահանջում է, որպեսզի ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր հաշվետվություն ներկայացնի։ Դատարանը մերժել է Բաղդասարյանի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառել, այսինքն պարտավորեցնել դադարեցնել շինարարական աշխատանքները հանքավայրում՝ մինչ գործով վճռի կայացումը։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մելքումյանը պատճառաբանել է, որ հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել իր մտահոգությունների մասին։
Կասկածի տակ դնելով դատարանի անաչառությունը՝ Բաղդասարյանը բացարկ է հայտնել դատարանին։
«Պատասխանողին տրված եզրակացության մեջ չի նշված, թե արդյո՞ք ոռոգման համար պիտանի կլինի Կեչուտի ջրամբարից վերցված ջուրը: Եթե պիտանի է, ապա արդյո՞ք պատասխանողի կողմից ջրօգտագործման հետևանքով ես (և հազարից ավելի ջրօգտագործողներ) չեմ (չեն) մնա առանց ոռոգման ջրի: Ինչպիսի՞ն է Որոտան–Արփա թունելով հոսող ջրի որակը և որքա՞ն է լինելու Կեչուտի ջրամբարից ոռոգման համար բաց թողնվող ջրի քանակը: Սա ապացույց է, որ հիմնավոր մտավախությունը, թե լուրջ վնաս կարող է հասցվել շրջակա միջավայրին, առկա է: Ինչ վերաբերում է փաստարկներին, ապա նշեմ, որ հայցադիմումի հետ ներկայացվել են բազմաթիվ գրավոր տեղեկություններ, որոնք հիմնավորում են Ամուլսարի շահագործման արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացումը: Այսպիսով. դատարանի որոշումը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժելը, անհիմն է»,֊ դատարանին ուղղված բացարկի մեջ նշում է փաստաբանը։
Ըստ Բաղդասարյանի, դատավորի վրա ազդել է գործադիր իշխանությունը, քանի որ ՀՀ կառավարությունը դրամական ներդրումների ակնկալիք ունի «Լիդիան Ինթերնեյշնլից»:
Դատավորը բացարկի միջնորդության վերաբերյալ իր կարծիքն է հայտնելու հոկտեմբերի 30-ին։
Հիշեցնենք, որ Ամուլսարում հանքի շահագործման դեմ կա նաև հայց վարչական դատարանում՝ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիների կողմից։