Այս տարվա մարտին Թալիշում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վիրավորման հետևանքով աջ ոտքի մի մասը կորցրած լեյտենանտ Երվանդ Խաչատրյանին «1000 դրամների» հիմնադրամի շահառու չեն դարձրել, փոխարենը՝ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ներկայացնելով, թե մարտական հերթապահության կանոններն է խախտել։ Այս մասին 1in.am֊ի հետ զրույցում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Սպան մարտական հերթապահությունն իրականացնելու ժամանակ իքս մարտական հենակետից իգրեկ մարտական հենակետը ստուգելու ժամանակ շարժվել է որոշակի ճանապարհ, այնուհետև նրան է ուղեկցել մեկ զինծառայող և մարտական հենակետում գտնվող շուն։ 200-300 մետր գնալուց հետո լսվել են ոտնաձայներ, օրվա եղանակը եղել է անբարենպաստ՝ մառախլապատ։ Մի քանի մետր գնալուց հետո հետ են վերադարձել, հետ վերադառնալու պահին լեյտենանտ Խաչատրյանը ստացել է ականապայթյունային ծանր վիրավորում, կորցրել է աջ ոտքի մի հատվածը, ենթարկվել է ամպուտացիայի։ Այնուհետև, մի քանի ամիս հիվանդանոցում մնալուց հետո դուրս է գրվել, ստացել է հաշմանդամության 2-րդ խումբ։ Նրան է ներկայացվել մի փաստաթուղթ դիմումի տեսքով, որում հետագայում պարզվել է, որ նշված է եղել, թե լեյտենանտ Խաչատրյանը համաձայն է, որ իր նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, որ նա որևէ բողոք չունի։ Այնուհետև հաշմանդամության փաստաթղթերի ձևակերպման փուլում պարզվել է, որ նա զրկվելու է այս տարվա հունվար ամսին ուժի մեջ մտած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխհատուցումից»,- ասել է Նորիկյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ լեյտենանտին, ըստ օրենքի, պետք է փոխհատուցվեր 53 մլն դրամ։
Նորիկյանը պարզաբանել է, որ Երվանդ Խաչատրյանը ձեռնամուխ է եղել, որպեսզի քրեական գործը վերաբացվի, որպեսզի հիմնավորի, որ նա որևէ մեղք չի ունեցել այդ իրավիճակում և մարտական հերթապահության կանոնները չի խախտել։
Փաստաբանը վստահ է, որ դատարանում ապացուցվելու է իր պաշտպանյալի անմեղությունը, քանի որ համապատասխան փաստեր կան, տեղանքի զննություն ևս կատարվել է, ինքն էլ եղել է դեպքի վայրում, կա նաև վկա։
Մանրամասները՝ տեսանյութում