ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի մայիսյան հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ գումարը «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը չի զիջել: Այս մասին անուղղակիորեն ասված է ընկերության պարզաբանման մեջ.
«ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ, ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»:
Այս հայտարարությամբ փաստորեն հերքվում են ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի խոսքերը, համաձայն որի «ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին»։ Նա ընդգծել էր, որ մայիսին Ազգային ժողովի բոլոր հեռախոսային վարձերը կազմել են 1,4 մլն դրամ: Բաբայանը նշել էր, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային պարտքն առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26֊ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը:
Ավելի ուշ armtimes.com֊ը հրապարակել էր, որ 2017 թվականի մայիսի ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել: Միևնույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումներն օրինակ չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10- 12 հազար դրամի սահմանում գումար:
Ինքը՝ Նաղդալյանը, ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հեռախոսն ունեցել է տեխնիկական խնդիրներ, 3G-ն երկու֊երեք օր անջատված չի եղել, ինչի արդյունքում էլ կուտակվել է 2 միլիոն դրամ գումարը:
Բացի դա, Նաղդալյանը լրագրողների գումարը բյուջե վերադարձնելու ցանկություն ունենալ֊չունենալու հարցին պատասխանել էր, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել:
Araratnews.am-ի հետ զրույցում ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, անդրադառնալով «ՄՏՍ Հայաստան» ընկերության հայտարարությանը, ասել է, որ ԱԺ գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել պատճառները մայիսն ընկերության կողմից ներկայացված հաշվի զգալիորեն պակաս լինելու մասին, քան նախնական ներկայացված տեղեկությունում էր, որն ընկալվել է որպես պարտքի զիջում: Բաբայանը նշել է, որ ուսումնասիրություններն ավարտելուց հետո տրվելու է պարզաբանում։