էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանի կողմից 2012 թվականին ապօրինի աշխատանքից ազատված 3 քաղծառայողների իրավունքները մասամբ վերականգնվել են։ Հեռացված աշխատակիցներ Դավիթ Թադևոսյանին, Սամվել Առաքելյանին ու Անդրանիկ Գուլքանյանին հարկադիր պարապուրդի մատնելու համար պետությունը փոխատուցել է 20 միլիոն դրամ։
Աշխատանքային իրավունքների վերականգնումը տևել է ավելի քան 5 տարի, քանի որ նախ առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ ծառայողների զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին որոշումը իրավաչափ համարելով։ Հետագայում Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում հաղթելուց հետո էլ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն է ձգձգել փոխհատուցումը։ Շուրջ 6 ամիս տուժողների գումարը չի տրվել, մինչդեռ ԴԱՀԿ֊ն պարտավոր է օրինական ուժի մեջ մտած վճիռները կատարել 2֊ամսյա ժամկետում։
Հայցվորների ներկայացուցիչ փաստաբան Վարդան Մկրտչյանը նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին։ ԴԱՀԿ֊ն, ի վերջո, փոխհատուցել է գումարը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պահուստային ֆոնդից։
«Իմ պաշտպանյալներն իրենց հարցը համարում են լուծված, սակայն ինչպե՞ս է փոխհատուցվելու ապօրինի որոշմամբ պետությանը հասցված վնասը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարող է ռեգրեսիվ հայցով դիմել դատարան՝ նախկին նախարար Տիգրան Դավթյանից գումարը պահանջելով։ Դա արդեն պետության խնդիրն է», ֊ ասել է փաստաբանը։
Փաստաբանը նկատում է, որ պետական աշխատողներն անհամեմատ պաշտպանված են, քան մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ովքեր հաճախ ստվերային աշխատողներ են։
Նշենք, որ Տիգրան Դավթյանն այժմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է։