Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ, ով մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյային, ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում: Այս մասին երիտասարդի մայրն այս տարի ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ)։
Ինչպես հայտնում է ՀՔԱՎ֊ը, Կ. Ղ.-ն մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016 թ. ապրիլի մարտական գործողություններին:
Զորացրվելուց հետո 2017 թ. օգոստոսին մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթղթերը ներկայացրել է ԵՊՀ, սակայն նրան հայտնել են, որ ծրագրային խնդիրների պատճառով պետք է ավելի ուշ դիմում ներկայացնել և ստանալ ուսման վարձի փոխհատուցում։ Ապա դիմումը երկրորդ անգամ ներկայացնելուց հետո ուսանողին հայտնել են, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն անցել է, և նա այլևս չի կարող օգտվել այդ արտոնությունից:
Կ. Ղ.-ի խախտված իրավունքները վերականգնելու և ուսման վարձի զեղչ տրամադրելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որից հետո խնդիրը լուծվել է:
«Այնուամենայնիվ, ԿԳ նախարարի տեղակալ Վ. Մկրտչյանը պատասխան գրությամբ պնդել է, թե Կ. Ղ.-ի առաջին դիմումում ուսման վարձի զեղչման մասին խոսք չի եղել, այն միայն վերաբերել է ուսանողական իրավունքները վերականգնելուն, այդ մասով էլ դիմումը քննարկվել է դեկանատում:
ԿԳ նախարարի տեղակալն անուղղակի կերպով հերքել է նաև երկրորդ դիմումի պատասխանի վերաբերյալ ուսանողի պնդումները և հայտնել, որ ռեկտորատի 2017 թ. հոկտեմբերի 16-ի նիստում որոշվել է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Կ. Ղ.-ին: Ուշագրավ է, որ նախարարի տեղակալի վկայակոչած ռեկտորատի նիստը տեղի է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ԿԳ նախարարին գրություն ուղարկելուց հետո միայն, սակայն Վ. Մկրտչյանը իր պատասխանում դրա մասին որևէ ակնարկ չի անում և իրադարձությունները ներկայացնում այնպես, կարծես խնդիրը լուծվել է դրանից առաջ», ֊ նշում է ՀՔԱՎ֊ը: