«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Հարություն Պողոսյանը 6 օր հացադուլից հետո դադարեցրել է այն։ Դատապարտյալի բողոքը բավարարման հնարավություն է ստեղծվել․ նրա հացադուլի հիմնքն այն էր, որ դատարանն առանց իրեն՝ հայցվորի, նիստ էր անցկացրել և մերժել վաղաժամ ազատման դիմումը։
ՀՀ դատախազությունը ևս նկատել է առանց հայցվորի նիստ անցկացնելու խախտումը և դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և նոր նիստ անցկացնել։ Այս մասին Epress.am-ին ասել է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ֊ի դիտորդ Արման Վեզիրյանը՝ դրական գնահատելով Դատախազության քայլը։
Նույն պահանջով Վերաքննիչ դատարանին է դիմել նաև «Հելսինկյան ասոցիացիան»։ Վեզիրյանն ասել է, որ դատարանը խախտել է նաև ընդատությունը։ Պողոսյանը տեղափոխվել է «Կոշ» ՔԿՀ, ուստի նրա գործերը պետք է լսվեն Արմավիրի մարզի դատարանում, մինչդեռ գործը լսվել է Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։
Հարություն Պողոսյանն առաջին կարգի հաշմանդամ է դարձել բանտում, չի կարողանում քայլել, ձախ կողմը չի աշխատում։