Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվել է ՀՀ Ոստիկանության դեմ ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը: Տարոն Սիրադեղյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով, ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել 2014 թ․ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժել վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մասնակի բավարարել էր Տարոն Սիրադեղյանի՝ 500.000 դրամի չափով փոխհատուցում ստանալու դիմումը և որպես պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել էր 35.000 դրամ: Սակայն վերջինս գտնելով, որ այդ որոշումն անհիմն է և դիմումը պետք է ամբողջությամբ բավարարվեր, մնացած մասով փոխհատուցում ստանալու պահանջով դիմել է դատարան:
Դեկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում դատարանը հայտարարել է, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը դիմում է ներկայացրել գործով որպես երրորդ անձ ներգրավվելու մասին: Կողմերը չեն առարկել միջնորդության դեմ: ՀՀ Ֆինանսների նախարարությանը դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն տալու նպատակով այն հետաձգվել է: