Home / Դատարան / «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբաններ

«Սասնա ծռեր»-ի անդամներից մեկի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբաններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանին վտանգ է սպառնում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին այսօր «Սասնա ծռեր»-ի գործով Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է Ավետիսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Խմբի գործով դատական նիստը սկսվել է ապացույցների հետազոտության փուլով։ Սակայն մինչ դրան անցնելն Ինեսսա Պետրոսյանը հայտարարություն է արել՝ նշելով, որ «Վարդաշեն»-ում Ավետիսյանին «բացասական հաշվառման տակ են առել, որպես փախուստի հակում ունեցողի»։ Պետրոսյանն ընդգծել է, որ դա հետին նպատակ ունի և դատավոր Մեսրոպ Մակյանին իրազեկել է, թե ինչ անօրինություններ են արվում։

Իր հերթին Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նշել է, որ դատավորը պետք է այս հարցին ավելի լուրջ վերաբերվի․ «Սա նշանակում է, որ Ավետիսյանի կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Իսկ բացասական հաշվառման մեջ առնելը կեղծ որոշում է, քանի որ որևէ տվյալ չկա, իսկ հետին նպատակ կա։ Սրա հեռահար նպատակը՝ փախուստի իմիտացիայի տակ նրա կյանքին և առողջությանը կարող է իրական վտանգ սպառնալ»։

Ապացույցների հետազոտության փուլում «Սասնա ծռեր»-ի անդամների գերակշիռ մասը չեն ցանկացել ներկա գտնվել դահլիճում։

«Չեմ ուզում լսել այդ բարբաջանքները։ Ինչ արել ենք, լավ ենք արել։ Դա զինված ապստամբություն էր։ Եվ ես պահանջում եմ, որ ինձ տանեն ներքևի խուց մինչև այս ամենը կանցնի», -ասել է խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը։

Վերջինիս պաշտպան Դավիթ Գյուրջյանը ևս միացել է իր պաշտպանյալի խոսքին՝ նշելով, որ մարդուն չի կարելի ստիպել նստել և լսել, դա իր իրավունք է, ոչ թե պարտականությունը։

Դատավորը, լսելով նաև մեղադրողների բացասական կարծիքը, հարցի հետ կապված որոշում է կայացրել՝ թույլ տալ խմբի անդամներին ներկա չլինել ապացույցների ընթերցման ժամանակ։ Միայն խմբի անդամ Սմբատ Բարսեղյանն է նշել, որ ինքը կարծիք չի հայտնում․ «Ընթացքը ցույց կտա»։

Դատավորի թույլտվությունից հետո, սակայն անդամներից միայն Արայիկ Խանդոյանն և Մխիթար Ավետիսյանն են դուրս եկել նիստերի դահլիճից։

Մի քանիսը տեղից կես կատակ բղավել են․ «Փոշմանեցինք»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստը մյուս նիստերի նման ընթացել է թեժ մթնոլորտում։ Այսօր հատկապես բազմաթիվ լեզվակռիվեներ են տեղի ունեցել կարգադրիչների, ոստիկանների և «Սասնա ծռերի»  աջակիցների, հարազատների միջև։ «Սասնա ծռերի» աջակիցներն ու հարազատները հիմնականում դժգոհել են, որ չի լսվում՝ ինչ է կատարվում ապակուց այն կողմ, ոստիկանների և կարգադրիչների մի մասը հատուկ իրենց ճնշում են և տեղի-անտեղի դիտողություններ անում։