Հայաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով հետախուզվում է ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ վերջինս այժմ գտնվում է ԱՄՆ-ում։
ԱԱԾ-ի նախնական տվյալներով՝ Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:
Նույն ժամանակահատվածում իր անհատական էջի միջոցով տարածվել են նաև իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և «այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր»:
«Ռ.Ք.-ն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով՝ փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի դա, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում», -գրում է ԱԱԾ-ն։
Որոշում է կայացվել ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար Ռ.Ք.-ին որպես մեղադրյալ ներգրավել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:
«Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով: Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ», -գրում է ԱԱԾ-ն: