«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի փոփոխություններով առաջարկվում է թույլ տալ ինքնավար արևային էլեկտրակայաններին վաճառել ոչ ավել քան 500 կիլովատ էլեկտրաէներգիա։ Այս սահմանափակող օրինական դրույթը կգործի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Ինչ իմաստ ունի նման սահմանափակումներ դնել, եթե մեզ պետք է, որ այս ոլորտը զարգանա և մենք պետք է նպաստենք, որ քաղաքացիներին ավելի ձեռնտու լինի անցնել այլընտրանքային էներգետիկային։ Կարծում եմ՝ այս սահմանափակումները պետք է հանել։ Բոլորս գիտակցում ենք, որ էներգետիկ անկախության մեր միակ հումքն այլընտրանքային էներգետիկ աղբյուրներն են», – ԱԺ-ում օրինագիծը մեկնաբանելով քննարկման ժամանակ նկատել է «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատասխանել է, որ «չկա աշխարհում մի երկիր, որ ինքնավար էկերտրաարտադրողի սահմանաչափը անսահման թողի»։
«Չափը մենք պետք է կարգավորենք, քանի որ մեր էներգետիկ համակարգն ունի որոշակի առանձնահատկություններ, և տեխնիկական սահմանափակումներ՝ կապված տեղանքից, գծերի հզորությունից», – հավելել է փոխնախարարը։
«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ նման կարևոր՝ երկրի գերակա ճյուղերից մեկին վերաբերող հարցի քննարկումը Կառավարությունը անցկացնում է արագաված ռեժիմով։ Նա նաև կասկած է հայտնել, որ սահմանափակման պատճառը ՀԵՑ-ի գծերի հզորությունն է։
«Երբ ասում եք, որ նման երկիր չկա, որ սահմնափակումը դրել է այսքան բարձր, դուք չեք ասում, որ նման երկիր չկա, որ այսքան կախում ունի մեկ մատակարարից՝ «Գազպրոմից»», – ասել է Թանդիլյանը։
Փոխնախարարը խնդրել է նկատել, որ սա միայն ինքնավար կայաններին է վերաբերում, ովքեր պետք է սեփական կարիքների համար արտադրեն էներգիա։ Նման սահմանափակում չի լինի համակարգային կայանների համար։ Վերջիններս ունեն 10 մեգավատ էլեկտրականություն վաճառելու սահմանագիծ, իսկ միջազգային արտադրողների համար՝ 20 մեգավատ։ Ընդ որում՝ ՀԷՑ-ը գնելու է ամենաէժան գնով առաջարկված արևային ծագման էլեկտրաէներգիան։
Թանդիլյանը խնդրահարույց է համարել այս պարզաբանումը․ «Դուք գնման սակագինը կապում եք արդյունաբերող խոշոր հիմնարկի առաջարկած ամենացածր սակագնի հետ: Արդյոք վտանգ չեք տեսնում, որ սա խեղդելու է միջին և մանր արտադրողին», – հարցրել է Թանդիլյանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է, որ սա վերաբերում է այն տնտեսվարողներին, ովքեր սեփական սպառման համար են կայան կառուցել և ըստ այդմ ազատվել են հարկերից և լիցենզավորման վճարներից։