Երևանի պետական համալսարանը տարբեր տարիների ընթացքում ավելի քան 1 միլիոն 40 հազար դոլար է ստացել Սորոսի հիմնադրամից։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բաց հասարակության հիմնադրամներ֊Հայաստան գրասենյակի (հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ շեշտելով, որ իրենք երկար տարիներ աշխատել են Երևանի պետական համալսարանի հետ։
ԵՊՀ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ֊Հայաստան»-ից գումար է ստացել տարբեր ծրագրերի համար՝ զարգացման, կրթական և այլն։ Բացի դրանից, ծրագրի աջակցությամբ ԵՊՀ-ի գիտնականններ են մեկնել տարբեր գիտաժողովների։
Նշենք, որ օրեր առաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն, անդրադառնալով հացադուլ հայտարարած ուսանողներին, ասել էր, որ նրանցից Դավիթ Պետրոսյանը վերջերս Սորոսի հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում և գուցե դրսից հանձնարարություն է ստացել։