Ռուսաստանում մարդկանց վրա փորձեր են իրականացնում։ «Նովայա գազետա» պարբերականի լրագրող Եկատերինա Ֆոմինան ուղևորվել է Հարավային Ուրալ, որտեղ պարզել է, թե ինչպես է դա տեղի ունենում։
Ֆրանսիայի միջուկային և ճառագայթային անվտանգության ինստիտուտը 2017 թվայանի նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին Եվրոպայի վրա ռութենիումի ամպ է ֆիքսվել։
Ռութենիում (լատ․՝ Ruthenium), քիմիական տարր է, որը պատկանում է պլատինային մետաղների շարքին։
Ֆրանսիացի գիտնականների պնդմամբ՝ այդ ամպը եկել է Ռուսաստանից՝ Հարավային Ուրալից։ Ավելի ուշ թունավոր ամպի մասին խոսել են Գերմանիայում․ այդ երկրի Ճառագայթային պաշտպանության դաշնային կոմիտեից հայտնել են, որ ամպն իր հետքերն է թողել Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում։
Այսօր արդեն հստակ հայտնի է․ ռութենիում-106֊ի արտանետումները գրանցվել են ՌԴ֊ի Չելյաբինսկի մարզի Օզյորսկ փակ քաղաքի շրջանում։ Ռուսաստանը երկու ամիս լռություն էր պահպանում, և միայն Եվրոպայի վրդովմունքից հետո «Ռոսհիդրոմետ»֊ը զեկույց հրապարակեց՝ ընդունելով արտանետումների փաստը։ Իզոտոպի առավել բարձր կենտրոնացումը հայտնաբերվել էր Օզյորսկի «Մայակ» կոմբինատի մոտ (100 կմ շառավղով)։ Չելյաբինսկի մարզի որոշ գյուղերում ճառագայթային ֆոնը նախորդ ամիսների համեմատ գրեթե 1000 անգամ բարձր է եղել։
Չնայած դրան, դեկտեմբերի 8-ին Միջգերատեսչական հանձնաժողովը, որը ստեղծվել էր «Ռոսատոմ» պետական բաժնետիրության կողմից, հայտարարեց, որ «Մայակում» խախտումներ չեն արձանագրվել։ Նույն հանձնաժողովը Օզյորսկի շրջանում չհայտնաբերեց նաև ռութենիում-106֊ի հետքեր։ «Ռոսատոմն» անգամ հայտարարեց, որ լրագրողների համար շրջայց է կազմակերպելու «Մայակ» կոմբինատում՝ խոստանալով հնարավորություն տալ «ձեռք տալ և հոտ քաշել ռութենիումից»։ «Նովայա գազետայի» թղթակցի հայտը մերժվել է․ ընդհանրապես 200 լրագրողական հայտից ընդունվել է միայն 17-ը։ Հետագայում «Չելյաբինսկն այսօր» գործակալությունը հայտարարել է, որ լրագրողների շրջայցը չեղյալ է հայտարարվել։
Օզյորսկ, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել ռութենիումի արտանետումը, հնարավոր չէ մտնել առանց «Ռոսատոմի» անցաթղթի։ Սակայն նրա շուրջ գտնվող բաց քաղաքներն ու գյուղերը նույն խնդիրներով են ապրում։ Այդ իսկ պատճառով էլ ես ինքնուրույն շրջայց եմ կազմակերպում փակ քաղաքի հարակից բնակավայրերով։
Նոր Մուսլյումովո (գտնվում է Օզյորսկից 84 կմ հեռավորության վրա)
Մուսլյումովոյի մեկհարկանի անդեմ տները կառուցվել են «Ռոսատոմի» հաշվին 9 տարի առաջ, երբ պետական բաժնետիրությունը և Չելյաբինսկի մարզի կառավարությունը որոշում են կայացրել հեռու տանել բնակավայրը ճառագայթված, մահացու վտանգավոր Տեչա գետից։
«Մայակ» կոմբինատը, որն այժմ պատկանում է «Ռոսատոմին», 50֊ական թվականներին գետ էր լցնում ռադիոակտիվ թափոններ։ Բայց դրանից հետո դեռ 60 տարի մարդիկ ապրում էին գետի մոտ, լողում էին, լվացք էին անում Տեչայում։
Գետի՝ աղտոտված լինելու մասին տեղեկատվությունը գաղտնազերծել են 80-ականների վերջին, բայց այն ժամանակ խոսք չկար անգամ տարհանման մասին։ 2006֊ին պարզվել է, որ «Մայակը» կրկին թափոններ էր գետը լցնում՝ 2001-ից մինչև 2004-ը։ Դրանից հետո էլ ի հայտ է եկել Նոր Մուսլյումովայի նախագիծը։
Նոր Մուսլյումովոն կառուցել են հնից ընդամենը 2կմ հեռավորության վրա և դարձյալ աղտոտված հողերի վրա։ Համայնքի բնակիչների ընտրություն էին առաջարկում․ վերցնել մեկ միլիոն ռուբլի (8,2 միլիոն դրամ) և հեռանալ, կամ նոր տուն ստանալ, որը նույն գումարով կկառուցի «Ռոսատոմը»։ 600 ընտանիքներից 400֊ից ավելին որոշել են հեռանալ։ 135 ընտանիքներ մնացել են։ Եվս 10 ընտանիքներ վերցրել են գումարը, հեռացել են Մուսլյումովոյից, բայց հետո վերադարձել են և իրենց համար տներ կառուցել նոր համայնքում։
«Գրինփիս»֊ի (միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպություն) տվյալներով՝ քաղցկեղային հիվանդությունների ցուցանիշը Մուսլյումովոյում գրեթե 3 անգամ ավելի բարձր է Ռուսաստանի միջին ցուցանիշից։
Որպես աղտոտված տարածաշրջանի բնակիչներ, մուսլյումովցիները դեղերի համար փոխհատուցում են ստանում՝ ամսական 400 ռուբլի, բայց դեղատուն համայնքում չկա, չկա նաև պոլիկլինիկա․ միայն թերապևտիկ կետ, որը մեկն է մերձակա 5 բնակավայրերի համար։ Նոր Մուսլյումովոյում մոտ 100 մարդ «ճառագայթվածի» կարգավիճակ ունի որպես ճառագայթային հիվանդության կրողներ։ Բայց ճառագայթվածի «թուղթ» հանելը շատ դժվար է․ փաստացի, այն տալիս են միայն նրանց, ովքեր 4֊րդ աստիճանի քաղցկեղ ունեն․ շատերը մինչև փաստաթուղթ ստանալու պահը չեն ձգում։ «Ճառագայթվածի» կարգավիճակը լրացուցիչ ֆինանսական վճարումներ է ենթադրում, չնայած դրանք մեծ չեն։
Նոր Մուսլյումովոյում շուրջ 6 գերեզմանատուն կա, և դրանցում մշտական աշխուժություն է տիրում։ Գերեզմաններից շատերի վրա երիտասարդների լուսանկարներ են։ Նոյեմբերին, օրինակ, համայնքում 4 մարդ է մահացել՝ մինչև 60 տարեկան տղամարդիկ։
Ռամիլ Մուհամեդյարովը ծնվել և մեծացել է Մուսլյումովոյում։ Հիշում է, որ երեխա ժամանակ Տեչայում տափօղակով հոքեյ էր խաղում. ալարում էին տուն գնալ ջուր խմելու, հենց գետի ջուրն էլ խմում էին։ Ռամիլն առաջ շրջանային ժողովի պատգամավոր էր, բայց կաթված ստանալուց հետո հրաժարվել է այդ պաշտոնից։ Այժմ դպրոցում պատմություն և հասարակագիտություն է դասավանդում։
Ռամիլը պատմում է․
֊ Ճապոնիայում Հիրոսիմայից հետո բժշկությունը տես ինչ աճ ապրեց։ 90-ականներին ճապոնացիներն առաջարկում էին մեր տարածքը վերահսկողության տակ վերցնել՝ հետազոտել, բուժել։ Բայց կառավարությունը դրան չգնաց։ Մեզ համար Չելյաբինսկի բիոֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղ բացեցին, բայց այնտեղ էլ մեզ չէին բուժում, միայն հետազոտում։ Մարզային հիվանդանոցում վերջերս փակեցին մեզ համար բացված վերականգնողական կենտրոնը՝ համարելով, որ չերնոբիլցիները մահացան, մենք էլ կմահանանք։
Ռամիլն ասում է, որ հիասթափվել է բժշկությունից՝ այժմ փողերը ծախսում է հեքիմների մոտ։ Նա մենակ է ապրում, այդպես է ստացվել։ Հյուրասենյակում էժան պաստառներ են կպցրած և պատի օրացույցից շների նկարներ, գետնին մեծ ամաններով բյուսեր են։ Հարմարավետ է, թեև տունը դրան չի տրամադրում. գյուղի տեղափոխումից հետո պարզվել է, որ նոր տների նկուղներում ռադիոակտիվ գազ է հավաքվում՝ ռադոն։
Ռադոն (լատ.՝ Radon, ռադիումի անվանումից), տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 8-րդ խմբի ռադիոակտիվ տարր։ Պատկանում է իներտ գազերի խմբին։
Ռամիլը պատմում է, որ դպրոցի նկուղում ծրագրում էին արհեստանոցներ բացել, բայց ճառագայթման նորմերի գերազանցման պատճառով հրաժարվեցին այդ գաղափարից։
Դասերի ժամանակ ուշագնաց են լինում և՛ ուսուցիչները, և՛ երեխաները։ Անգամ Կրթության նախարարության հանձնաժողովն է ժամանել, բայց նրանք եզրակացության են եկել, որ ուշագնացությունները թերի սնվելու հետևանք են։
Ճառագայթային ֆոնը չափող սարքեր գյուղում չկան։ Տեղի բնակիչների հիմնական չափիչ սարքն ինքնազգացողությունն է․ եթե որևէ արտանետում է լինում, բարձրանում է ճնշումը, գլխացավ է սկսվում։ Մուսլյումովոյի բնակիչները հիշում են, որ սեպտեմբերի սկզբին շատերն իրոք իրենց վատ էին զգում, շտապօգնության մեքենան կողքի գյուղից սովորականից հաճախ էր գալիս։
Հարցնում եմ Ռամիլին՝ ինչու չուզեց հեռանալ այստեղից, երբ իրեն նման հնարավորություն է ընձեռնվել։
«Իսկ ո՞ւր գնամ։ Բա այգի՞ս։ Այստեղ ազնվամորի, խնձոր, անգամ ծիրան եմ աճացնում», ֊ ակնհայտ հպարտությամբ ասում է նա։
Ի դեպ, այգին գյուղի ընտանիքների համար կարևոր օգնական է։ Այստեղ հիմնականում թոշակով են ապրում։ Եթե աշխատում են, ապա միայն դպրոցում և հիվանդանոցներում։ Վերջերս թռչնաֆաբրիկա է բացվել։
Ռամիլը միակը չէ, ով մահացու կերպով կառչել է մահացած հողին։ Օրինակ, նրա հարևան Լարիսան փորձել է Կրասնոյարսկում ընտանիքով ապրել, բայց վերադարձել է․ «Ես ավելի լավ ինձ արդեն չեմ զգա՝ էլ ինչու մի տեղ փախչեմ։ Որտե՞ղ ենք մենք պետք։ Ես մի բան եմ ուզում՝ հանգստություն»։
Լարիսայի մայրը ծնվել է, մեծացել է և մահացել է Մուսլյումովոյում 57 տարեկան հասակում՝ քաղցկեղից։ Այս տարի քաղցկեղից մահացել են Լարիսայի երկու զարմիկները։ Նրա փոքր թոռնուհին երկու տարեկան է և արդեն հաշվառված է ուռուցքաբանի մոտ։
Հին Մուսլյումովո
Հին Մուսլյումովոն 9 տարի առաջ տրակտորներով հողին են հավասարեցրել։ Ձյան շերտով ծածկված ամայի հողի վրա աղյուսից մի տնակ է մնացել՝ քրտնած պատուհաններով։ Գիլանի Դամբաևի տունն է։ Գիլանին հրաժարվել է տեղափոխվել։
Դամբաևը Մուսլյումովո է եկել 80-ականներին եղբոր հետ՝ գումար վաստակելու։ Այստեղ նրանք գոմեր էին կառուցում։ Արդեն այն ժամանակ հայտնի էր, որ Մուսլյումովոյում հողը մահացու աղտոտված է։
99-ին Գիլանին այստեղ է բերել իր ընտանիքը՝ կնոջը և 5 երեխաներին։ Նրա տունը Գրոզնիում տանկային արկի տակ է մնացել։ Այն ժամանակ մտածել է, որ դանդաղ մահը չերևացող ճառագայթումից ավելի նախընտրելի է, քան արագ մահը գնդակից։
Աղյուսից այդ տնակում մինչև վերջերս Գիլանիի ընտանիքը ապրում էր եղբոր ընտանիքի հետ (կին և երկու երեխա)։ 2000 թվականին փախստական Գիլանին «որդեգրել է» երկու ծերերի՝ Ղազախստանից վռնդված տատիկի և պապիկի։ Ծերերն առանց փաստաթղթերի էին, թոշակ չէին ստանում։ Գիլանին խնամել է նրանց, կարողացել է լուծել թոշակի խնդիրը։ Պապիկը վերջերս է մահացել։
֊ Տեղի վարչակազմից մարդիկ ինձ ասում են․ «Ռադ արա դրան»։ Իսկ տատիկը՝ Վերա Իվանովնան, ինձ ասում է․ «Ծերանոց ուղարկես՝ կկխավեմ»։
Դամբաևներին նույնպես մեկ միլիոն ռուբլի էին առաջարկել, բայց Գիլանին համարել է, որ այդպես ազնիվ չէ, նույնքան գումար պետք է տան և՛ իր, և՛ եղբոր ընտանիքին։ Եղբայրը ընտանիքի հետ հարևան գյուղ է գնացել՝ Կունաշակ (Օզյորսկից 69 կիլոմետր), իսկ Գիլանին մնացել է պայքարելու։ Պայքարի մեծ է փորձ ունի։ Նա Չելյաբինսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատարի օգնականն է եղել, նախկինում անգամ մեկուսարաններում դիտորդություն էր անում։
Աղջիկներին Դամբաևները հաջողել են ամուսնացնել՝ մեկի բախտը բերել է՝ Չեչնիա է գնացել, մյուսը՝ Չելյաբինսկ։ Որդիները նույնպես գնում են Չելյաբինսկ աշխատելու, բայց հաճախ են Մուսլյումովո գալիս։ Գիլանին և նրա կինը՝ Զուրան, ոչ մի կերպ այստեղից չեն գնում։
«Գնալու տեղ չունենք, հայրենիքում տուն չունենք, ֊ ասում է Դամբաևը։ ֊ Սարքելու փող չկա, առնելու փող չկա»։
Մուսլյումովոյի ճանապարհին հուշատախտակ կա՝ ճառագայթման զոհերին նվիրված։ Տեղադրել է Նիդերլանդների արտգործնախարարությունը։ Արտասահմանցիներն այստեղ հաճախ են գալիս։ Գիլանին ծիծաղով հիշում է ճառագայթումից պաշտպանող սպիտակ սկաֆանդրներ հագած պատվիրակությունների այցը։ Իրեն, ճիշտ է առանց սկաֆանդրի, ցուցադրել են տարբեր երկրների հեռուստաընկերություններով։ Այդ իսկ պատճառով հիմա շրջանի ղեկավարը քննադատություն լսելիս Գիլանիին անվանում է ամերիկյան ագենտ։ Իրականում Գիլանին ամերիկյան ոչինչ չունի, բացի չափիչ սարքից, որն իրեն նվիրել է հյուրերից մեկը՝ ամերիկացի բնապահպան։
Վերցնում ենք չափիչ սարքը, գնում ենք Տեչա գետի մոտ՝ պարզելու դրա ճառագայթվածության աստիճանը։ Մոտենալու ընթացքում չափիչ սարքը սկսում է ուժեղ ձայներ հանել։ Գիլանին ինձ պատմում է, որ տեղի բնակիչները մինչև հիմա այստեղ ձուկ են բռնում։ Տանում են Չելյաբինսկ վաճառելու։
Նրանց հարցնում են՝ ինչո՞ւ եք այդպես անում։ Նրանք պատասխանում են․ «Մեզ թունավորում են, մենք էլ կթունավորենք»։
Եթե չափիչ սարքը դնում ես Տեչայի ափի ամենածայրին, ցույց է տալիս մինչև 7 հազար միկրոռենտգեն ժամում։ Նորման 30 է։
Արգայաշ (Օզյորսկից 32 կիլոմետր)
Սեպտեմբեր֊հոկտեմբերին Արգայաշում, որտեղ 10 հազարից մի փոքր ավել մարդ է ապրում, «Ռոսհիդրոմետ»֊ը ֆիքսել է ծայրահեղ բարձր աղտոտման մակարդակ՝ նախորդ ամսվա համեմատ աղտոտման ֆոնը 986 անգամ բարձր է եղել։ Հայտնաբերվել են նաև ռութենիում-106֊ի հետքեր։ Բայց գյուղում խուճապ չկա․ շատերը չեն էլ լսել վտանգավոր արտանետումների մասին։
Մտնում եմ սգո ծառայությունների բյուրո՝ փոքր սրահ, որը տեղակայված է Արգայաշի կայարանի մոտ։ Պատի երկայնքով տարբեր տիպի խաչեր են սարքված, սեղանի մոտ 50 տարեկան կին է, ներկայանում է Վալենտինա Իվանովնա։ Հարցնում եմ՝ արդյոք լսել է ճառագայթային ամպի մասին։
֊ Գրում են, բայց ո՞վ գիտի։ Երևի պատահական չէ, որ գրում են։ Բայց մեզ բան չեն ասում։ Իշխանություններից բան չենք լսել։
֊ Չե՞ք վախում։
֊ Ինչի՞ց վախենանք։ Մի անգամ ենք էլի ապրում։ Մենք, երևի, արդեն սովորել ենք։ Չերնոբիլում էլ են չէ՞ որոշները մնացել ապրելու։
֊ Ձեզ մոտ ավելի հաճախ չեն սկսե՞լ գալ։
֊ Ինչպես միշտ, ամեն ինչ ստաբիլ է։ Դա միանգամից չի երևա, ժամանակի ընթացքում, երևի մի տասը տարի հետո։
Արգայաշի շրջանի վարչակազմից ինձ խորհուրդ են տալիս ճառագայթային աղտոտման հարցով դիմել շրջանի քաղաքաշինության և կոմունալ ծառայության բաժին՝ Էլմիրա Խաբիբուլինային․
«Որպես այդպիսին մենք վարչակազմում չունենք բնապահպան։ Ես ինքս այդ հարցով զանգահարել եմ շրջանի բնապահպանության նախարարություն, ինձ ասում են՝ դրա համար պատասխանատու է Չելյաբինսկի շրջանի հասարակական անվտանգության նախարարությունը։ Ես շրջանային հեռուստատեսությամբ հաղորդում եմ տեսել․ Եվգենի Սավչենկոն՝ մեր հասարակական անվտանգության նախարարն ասաց, որ խուճապի համար պատճառ չկա։ Եվ վերջ։ Որպեսզի արտանետումը ֆիքսել, սարքեր են պետք, մասնագետներ, մեզ մոտ վարչակազմում ոչինչ չկա։ Անձամբ ես քաղաքում չեմ եղել, երբ ռութենիումի մասին տեղեկատվությունը եղավ, ես գնացել էի Չելյաբինսկ՝ բնապահպանական ֆիլմերի փառատոնին մասնակցելու։ Գալիս եմ, զանգում են բարեկամները, հարցնում են․ «Ի՞նչ է ձեզ մոտ պատահել»։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է, խուճապ չկա։ Մենք ընդհանրապես մտածում ենք՝ կարող է դա սուտ էր։ Բայց անգամ եթե սեպտեմբերին էր արտանետումը, արդեն ուշ է ինչ֊որ բան անել։ Իսկ Ձեզ մոտ Մոսկվայում ի՞նչ են խոսում»։
Կիշտիմ (Օզյորսկից 15 կմ)
Գալինա Ուստինովան ծնվել է Նադիրով Մոստ գյուղում, որը Տեչա գետի վրա էր։ Այժմ այդ գյուղը չկա․ հողին են հավասարեցրել «Մայակում» վթարից հետո՝ 1957-ին։
Գալինա Վասիլյեվնան ընդամենը 3 տարեկան էր, երբ իր ընտանիքին տարհանել են։ Մինչև երեք տարեկան նրան լողացնում էին Տեչայում, նրա տակդիրներն էին լվանում։ Հետո ծնողները մահացան քաղցկեղից։
Այժմ Գալինա Ուստինովան ամուսնու՝ Սաշայի հետ բնակվում են Կիշտիմում՝ փայտե մեկհարկանի տանը։ Գալինա Վասիլևվնան ամեն երեկո բացում է ուռած, խոցերով ծածկած ոտքերը և նրա դուստրը՝ Յուլիան, վիրակապում է դրանք։ Երբ գործերն ավարտում են, ինձ հրավիրում են սեղանի մոտ։ Սեղանը Յուլիան է գցում, մայրը մեծ դժվարությամբ է տեղաշարժվում։
Սաշան նստում է կնոջ կողքին և սկսում է զրույցը․
«Ինձ բանակում են սովորացրել՝ ճնճղուկները ճառագայթման առումով ամենազգայուն թռչուններն են։ Ես նրանց կեր եմ տալիս։ Եթե այսօր չեկան, ուրեմն արտանետում կա։ Ասեմ, որ սեպտեմբերին ընդհանրապես չեն եկել։ Բայց մարդկանց, երևի, չեն ուզում վախեցնել․ ռութենիումի ամպի մասին միայն հեռուստացույցով են ասել, մեզ մոտ այստեղ լռություն է, չեն հրապարակում։ Ինձ ընդհանրապես թվում է՝ բան էլ չի եղել։ [Երևի] Ֆրանսիայում մի արբանյակ է պայթել, մերոնց վրա են գցում»։
Չերևացող ճառագայթային վտանգը՝ հյուր եկած լրագրողի հետ սեղանի շուրջ դատարկ զրույցի թեմա է, իսկ այդ մարդիկ շատ խնդիրներ ունեն։ Նրանք լուրջ տնտեսություն ունեն, շատ աշխատատար է, բայց սեղանին հիմա ամենը տնական է։
«Մի երկու տարի առաջ բալ էինք հավաքում, կային պտուղներ՝ այ էսքան, հսկա, ֊ Գալինա Վասիլևվնան ցույց է տալիս բռունցքը։ ֊ Բացի դա, շատ անսովոր էին, երկարոտ։ Իսկ մենք դա ուտում ենք։ Բայց չենք վախենում, իմ այգում նիտրատներ չկան, ամեն ինչ գոմաղբով ենք աճեցնում»։
Ուստինովները գուլյաշ էին պատրաստել։ Երբեմն միսը վառարանում են պատրաստում, մեկ այլ անգամ փլավ են սարքում, ու այդ դեպքում միսը խորհանարդաձև են կտրում, որ ավելի «կուլտուրական» լինի։ Տեսնում են, որ տարակուսած եմ, ու սկսում են խնդմնդալ։
«Մենք անհատներից չենք առնում, միայն խանութներից, ստուգված», ֊ պնդում է Գալինա Վասիլևվնան։
«Մսի և ձկան մեջ ռադիացիան այդքան էլ վտանգավոր չէ, եթե գիտես՝ ինչպես ուտել։ Ճառագայթումը մնում է ոսկորների մեջ, անցնում է փափուկ հյուսվածքների միջով։ Միայն թե ոսկորները մի կրծի։ Ու նորմալ կլինի», ֊ հանգստացնում է Սաշան։