Home / Մարզեր / Արդվիի հանքի շահագործման ծրագիրն ուղարկվել է լրակազմման․ գյուղի բնակիչները դժգոհ են

Արդվիի հանքի շահագործման ծրագիրն ուղարկվել է լրակազմման․ գյուղի բնակիչները դժգոհ են

Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը լրակազմման ուղարկելու մասին պատասխանը զայրացրել է արդվիցիներին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Արդվի համայնքի բնակիչ Սուրեն Կիրակոսյանը։

Նշենք, որ Լոռու մարզի Արդվի գյուղի 78 բնակիչները Շեկաղբյուրի ծրագրի դեմ նոյեմբերին նամակ էին ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով կասեցնել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը, որն, ըստ նրանց, խոչընդոտում է Օձուն խոշորացման համայնքի զարգացման ծրագրին: Արդվինցիներն ընդհանրապես հրաժարվել էին մասնակցել հանրային լսումներին։

«Պատասխանից բավարված չենք, շատ զայրացած ենք։ Մենք խնդրել ենք մերժել և չշարունակել նման գործընթաց, իսկ իրանք լրամշակման են ուղարկել ու չգիտեմ ինչի արդյունքում են որոշել։ Արդվիցիները միանշանակ դեմ են, թույլ չեն տալիս, ի՞նչ լրամշակման մասին է խոսքը», ֊ ասել է Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ նրանք նամակի պատասխանից անակնկալի են եկել և այժմ պետք է որոշեն իրենց հետագա քայլերը։

«Այս պահին դեռ չենք կողմնորոշվել, թե ինչ ենք անելու, մեզ համար անակնկալ էր, որ նորից լրամշակում է լինելու։ Եթե նորից փորձեն գալ, նույն ճակատագրին կարժանանան, միանշանակ լսումներ չեն լինելու։ Շատ հնարավոր է, ճիշտ է անիմաստ ենք համարում, բայց նորից նոր ստորագրություններով մի նամակ էլ կուղարկենք»,֊ ասել է Կիրակոսյանը։