Հունվարի 10֊ին ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Կիևում՝ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց։ «Մեյդան Թի-վի»-ի փոխանցմամբ, ցույցին մասնակցել է շուրջ 150 մարդ, որոնք իրավապահ մարմիններին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ուկրաինայում ադրբեջանցիների վրա ճնշում գործադրող, համայնքի ներկայացուցիչներին առևանգող անձանց դեմ։
Հավաքի մասնակիցներից մի քանիսի պնդմամբ, հանցագործներն ուժային կառույցներց չեն վախենում, և վերջին շրջանում երկրում առևանգվել է ավելի քան 20 ադրբեջանցի, որոնց մի մասը՝ ձեռնարկատերեր։
Ցուցարարները պարզել էին «Ես ցանկանում են ներդրումներ անել Ուկրաինայում, բայց դա վտանգավոր է», «90֊ականները վերադառնում են», «Մենք դեմ ենք ավազակությանն Ուկրաինայում․ պաշտպանեք մեր կյանքերը» գրություններով պաստառներ։
Նշենք՝ ադրբեջանցիները նմանատիպ պահանջներով ցույց անցկացրել էին նաև 2016 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ նրանք պնդում էին, որ Ուկրաինայի տարբեր քաղաքներում հարձակումների էին ենթարկվել ադրբեջանցի 12 ձեռնարկատերերի ռեստորաններ ու առևանգվել նրանցից մի քանիսին պատկանող 6 թանրակրժեք մեքենաներ։ Իսկ արդեն 2016 թվականի ամռանն Ուկրաինայում առևանգվել էին վեց ադրբեջանցի գործարարներ, որոնցից երկուսը հետագայում ազատ էին արձակվել փրկագնի դիմաց։