Home / Բանտ / Ադրբեջանում անհետացած գիտնականը կապի է դուրս եկել և հայտնել, որ իրեն չեն ծեծել

Ադրբեջանում անհետացած գիտնականը կապի է դուրս եկել և հայտնել, որ իրեն չեն ծեծել

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Չուլկովը հունվարի սկզբին անհետացել էր Ադրբեջան կատարած այցի ընթացքում։ Նրա մայրը՝ Օլգա Չուլկովան, «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել էր, որ հունվարի 3֊ին որդին ուղիղ չվերթով Մոսկվայից ժամանել էր Գյանջա։ Երկու օր անց Չուլկովը որոշել էր այցելել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից ոչ հեռու գտնվող Գյոյգյոլ լիճ, որից հետո նրա հետ կապն ընդհատվել էր։ Հունվարի 10֊ին ռուսաստանցի գիտնականը պետք է վերադառնար Մոսկվա, ինչը, սակայն, տեղի չէր ունեցել։

«Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, նա ձերբակալվել է սահմանային ծառայությունների կողմից»,֊ ասել է Օլգա Չուլկովան։

«[Չուլկովը] մուտք է գործել արգելված գոտի, որտեղ էլ նրան բռնել են»,֊ հայտնել է Գյանջայում գտնվող հյուրանոցի սեփականատերը, որտեղ ապրել է գիտնականը։ Նա հավելել է, որ հյուրանոց են եկել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, որոնք իրեն հարցուփորձ են արել հյուրի մասին ու ասել, որ Չուլկովը հրաժարվել է ենթարկվել սահմանապահներին ու միտումնավոր անցել է պահպանվող տարածքի ցանկապատի վրայով։

Հետագայում Օլգա Չուլկովան լրատվամիջոցներին հայտնել է, որ որդին արդեն իր հետ է կապի դուրս եկել․ «Նրան թույլ են թվել զանգահարել ինձ։ Ասաց, որ իրեն ապահովում են սնունդով ու խոստանում են շուտով ազատ արձակել և ուղարկել Մոսկվա։ Մի քանի անգամ կրկնեց, որ իրեն չեն ծեծել»։

Չուլկովայի խոսքով՝ իրեն զանգահարել են նաև ռուսաստանյան դեսպանատնից ու հավաստիացրել, որ որդուն որևէ վտանգ չի սպառնում։

«Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը տեղի իշխանությունների կողմից տեղեկացվել է ռուսաստանցու ձերբակալության մասին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», ֊ «ՌԻԱ Նովոստի»֊ին հայտնել է դեսպանության խոսնակ Դենիս Ապաշկինը։

«Թուրան» լրատվական գործակալությանը Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ու Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից Չուլկովի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։