Home / Բանտ / Օմբուդսմենի գրասենյակից այցելել են առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին

Օմբուդսմենի գրասենյակից այցելել են առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին

Հունվարի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սեֆիլյանի և մյուսների գործով անցնող, 3 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Արթուր Մովսիսյանին, որը, վերջինիս պաշտպանի խոսքով, չի ստանում համապատախան բուժօգնություն։

«Քրեակատարողական վարչության հետ աշխատանքի հիման վրա՝ այսօր (հունվարի 19-ին) արդեն իսկ նրան այցելել է համապատասխան բժիշկ, նախանշվել են համապատասխան բուժհետազոտություններ», – նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Դեռևս հունվարի 15-ին, համաձայն հայտարարության, Արայիկ Պապիկյանի հունվարի 13-ի դիմումի հիման վրա ՄԻՊ աշխատակազմն անմիջապես աշխատանք է սկսել Քրեակատարողական վարչության հետ:

Մովսիսյանի պաշտպան Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը երեկ տեսաուղերձ էր հրապարակել և բանտի ղեկավարությունից պահանջել էր անհապաղ բուժօգնություն տրամադրել իր պաշտպանյալին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում հրազեն ու ռազմամթերք է թաքցրել՝ այն փոխանցելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: