ՀՀ Քննչական կոմիտեն քննություն է սկսել՝ պարզելու այս տարվա հունվարի 3-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի մահվան հանգամանքները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց»֊ի պատասխանատու հերթապահը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քրեակատարողական հիմնարկի հերթապահ բժշկական խմբի աշխատակիցները հունվարի 3-ին, ժամը 23:30-ի սահմաններում այցելել են հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը՝ դատապարտյալ Մ.Խերունցին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, և նրան հայտնաբերել մահացած: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննությամբ ակնհայտ թարմ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
«Օրեր անց՝ հունվարի 6-ին, մահացած դատապարտյալի եղբայրը լրատվական կայքերից մեկին կարծիք է հայտնել, որ նշված ՔԿՀ-ում եղբորը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Ըստ նրա՝ 2018թ հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ին, բաժանմունքի կալանավորներին պահելու խցերի դռները փակելուց հետո, եղբոր ինքնազգացողությունը վատացել է, և կալանավորները պատուհանից օգնություն են կանչել, սակայն բժիշկները եկել են ուշացումով՝ 15 րոպե անց, երբ նա արդեն մահացած է եղել»:
Դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)։