հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ծնողները չեն հավատում, թե իրենց նորակոչիկ որդին կարող էր ինքնախեղման դիմել․ Forrights․am

Ծնողները չեն հավատում, թե իրենց նորակոչիկ որդին կարող էր ինքնախեղման դիմել․ Forrights․am

Հունվարի 20-ին Մուրացանի զինվորական հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանի ծնողները չեն հավատում, որ իրենց որդին առաջին օրից չի ցանկացել ծառայել բանակում և այդ պատճառով զորամասում իրեն պատուհանից ցած է նետել։ Այս մասին գրում է Forrights.am-ը։

«Նա [բանակ] գնալուց մեզ ուրախ ձեռքով արեց, շատ լավ տրամադրություն ուներ: Չեմ հավատում, որ առաջին օրից չի ուզել ծառայի»,֊ ասել է նորակոչիկի հայրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 20֊ին լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել, որ զինծառայողը չի ցանկացել ծառայել բանակում։ ArmLur.am-ի փոխանցմամբ, զինվորը մինչ լուսամուտից ցած նետվելու դեպքը, հայտարարել է. «Կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի»։ Էռնեստ Հովհաննիսյանը բանակ զորակոչվել էր հունվարի 12-ին և ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Կայքը նշել էր, որ ծառայության առաջին իսկ օրվանից նա հայտարարել էր, որ չի ցանկանում ծառայել: Նրա հետ աշխատել են ՊԲ իրավաբաններն ու հոգեբանները, իսկ ծնողներին խնդիրների մասին տեղեկացրել են միայն դեպքի օրը՝ հունվարի 18-ին և փոխանցել, որ որդին վատ հոգեվիճակում է:

«Եթե նրա հետ հոգեբաններ էին աշխատում, վիճակն այդքան վատ էր, ինչո՞ւ ժամանակին ծնողին տեղյակ չեն պահել»,- ասել է Էռնեստի հորաքույրը՝ Ֆլորա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Էռնեստ Հովհաննիսյանին բանակ են ճանապարհել «ուրախ, քեֆով-սեղանով»:

«Դեպքից մի օր առաջ մեր ընկերներից մի մեծահասակ տղամարդ գնացել է նրա մոտ, նրան էլ է ասել երեխեն, որ ամեն ինչ լավ է։ Մեկ էլ հանկարծ նման բան ենք իմանում»,֊ ասել է Ֆլորա Հովհաննիսյանը:

Forrights.am֊ն ընդգծում է, որ Էռնեստ Հովհաննիսյանը բանակ զորակոչվել է ողնաշարի հիվանդությունով։ Նրան զինծառայության համար ճանաչել են պիտանի սահմանափակումներով և ուղարկել Ասկերան։ Չնայած առողջական խնդիրներին, ծնողները չեն միջամտել։

«Ինքը գիտեր, որ Ղարաբաղ պետք է գնա, մենք ոչ մի միջնորդություններ չենք արել, որ նրան ազատենք ծառայությունից։ Նա հիմա էլ լավ չի պատկերացնում իր վիճակը, ասում է՝ երբ եմ ոտքի կանգնելու, գնամ, շարունակեմ ծառայել»,֊ պատմել է մայրը՝ Մարետա Շահինյանը։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը Էռնեստ Հովհաննիսյանի դեպքը չէր մանրամասնել՝ սահմանափակվելով մամուլի խոսնակ՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմամբ, որ զինվորը ինքնախեղման փորձ է կատարել. «Ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն»:

Իրենց տղայի ինքնախեղման փորձին ծնողները չեն հավատում։

«Շատ բան են ասում, ամեն ինչի հո չե՞նք հավատա: Կամ եթե իրոք, վատ վիճակում է եղել, ու հետը հոգեբաններ են աշխատել, բա ինչու են հնարավորություն ստեղծել, որ իրեն պատուհանից կարողանա դուրս գցել», ֊ նշել է հայրը: