Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը չպատասխանեց քաղաքական գործչին, քանի որ չի կարծում, թե տղամարդուն հարիր է կնոջ հետ անհիմն բանավեճի մեջ մտնելը։ Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։
Թոխատյանը մեկնաբանել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կողմից տարածած հաղորդագրությունը։ Ըստ Փոստանջյանի՝ դերասանը ցանկանում է տեր դառնալ Արաբկիր համայնքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատին։
– Իսկ քանի որ Ձեր հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, նրա ձևակերպմամբ, չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, հետևաբար, պալատը չպետք է առանց մրցույթի և երաշխիքների տրամադրվեր հիմնադրամին։ Այնուամենայնիվ, որոշվեց պալատը 10 տարով տալ հիմնադրամին։ Դուք Փոստանջյանի այդ և այլ որակումներին, որքանով տեղյակ եմ, հիմնավոր կերպով չպատասխանեցիք, ինչո՞ւ, – հարցրել է լրագրողը։
Նախ Թոխատյանն ասաց, որ վաղուց է հայտնել Կանազի մշակույթի տան հետ կապված իր ծրագրերի մասին։
– Իսկ Զարուհի Փոստանջյանին չպատասխանեցի, քանի որ չեմ կարծում, թե տղամարդուն հարիր է կնոջ հետ անհիմն բանավեճի մեջ մտնելը։ Այն, ինչ ասել էր Փոստանջյանը, ամբողջն աղավաղված էր։
– Ոմանք ասում են, որ քաղաքային իշխանությունները պարզապես նվիրեցին Ձեզ Կանազի մշակույթի տունը։
– Ոչ֊ոք ինձ որևէ բան չի նվիրել։ Մշակույթի տունն ինձ տրվել է տասը տարով անվարձահատույց՝ մեկ միլիոն ծրագրի դիմաց։ Եթե որևէ մեկը համարում է դա նվեր, թող վաղը գա, տա այդ մեկ միլիոնը, և ես հաճույքով կզիջեմ մշակույթի տունը նրան, – մասնավորապես, ասել է Թոխատյանը։