Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 20-ամյա շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, գլխի ճակատային շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ ընդգծելով, որ նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 373-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), մեկ ժամկետային զինծառայող ձերբակալվել է։
Նշենք, որ Գրիգորյանի մահվան մասին այսօր առավոտյան տեղեկացրել էր Արցախի Պաշտպանության նախարարությունը՝ չնշելով միջադեպի օրը։