Սահմանադրական դատարանը հունվարի 30-ին հակասահմանադրական է ճանաչել Հողային օրենսգրքի կարգավորումը, համաձայն որի համայնքապատկան հողերի օտարման աճուրդներն անցկացվում են փակ նիստով։ Խնդրո առարկա իրավակարգավորումը (Հողային օրենսգրքի 68֊րդ հոդվածի 6֊րդ կետ) հակասում է Սահմանադրության 42-րդ՝ Կարծիքի արտահայտման ազատությունը, 78-րդ՝ Համաչափության սկզբունքը և 79-րդ՝ Որոշակիության սկզբունքը հոդվածներին, հետևաբար՝ անվավեր է:
ՍԴ դիմած «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի լրագրող Սառա Պետրոսյանի խոսքով՝ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների մուտքն արգելելը խախտում է գործընթացի թափանցիկությունը և կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։
«Ընդհանրապես պետք է լինի անկախ աճուրդային կենտրոն, որին համայնքը պետք է դիմի, և պետք է շահագրգռված լինի, որպեսզի համայնքապատկան հողերը վաճառվեն թանկ գնով։ Այս վաճառքները համայնքի բյուջեի համալրման հիմնական միջոցներից են։ Իսկ մեզ մոտ համայնքի ղեկավարը պայմանավորվում է մի գնորդի հետ, ձևականորեն ներգրավում են երկրորդ գնորդի, քանի որ աճուրդ չի կարող արվել մեկ գնորդի դեպքում։ Համայնքապետը գնորդից կաշառք է վերցնում, կիսվում է մարզպետի և կադաստրի պետի հետ, և հողը վաճառում ցածր գնով», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սառա Պետրոսյանը։
Ըստ Պետրոսյանի հետազոտությունների՝ համայնքապատկան հողերը էժան գներով օտարելու պատրվակ է հանդիսանում այն, որ աճուրդների մեկնարկային գնի հարցում համայնքապետարանը առաջնորդվում է կադաստրային արժեքով, և շուկայական գնահատում չի իրականացնում։
«Հողի կադաստրային արժեքի գնահատում վերջին անգամ կատարվել է 1997թ․֊ին։ Համայնքների մեծ մասը, անտեսելով վերջին 15 տարիների դրամի արժեզրկումը և անշարժ գույքի արժեվորումը տասնյակ միլիոններով, շարունակում են վաճառքն իրականացնել կադաստրային արժեքի 50-100 տոկոսով»,֊ ասված է « Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» հետազոտությունում։
Հողային օրենսգրքի վերոնշյալ թերությունները վերացնելու համար, մինչ Սահմանադրական դատարան դիմելը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ֊ն իր եզրակացություններն ու մտահոգությունները ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում 2016 թվականին։ Հետազոտողի առաջարկությունների հիման վրա Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն երկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեին օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ քննարկելու և Ազգային ժողով ներկայացնելու համար: Սակայն բարձրացված խնդիրները վերացնող օրենսդրական փոփոխություններ մինչ այժմ չեն ներկայացվել։