Ճամբարակի բնակիչ Սամվել Առաքելյանը համայնքապետարանից նամակ է ստացել, որտեղ նշվում է՝ «հետագա բարդություններից խուսափելու համար» Առաքելյանը շտապ միջոցներ պետք է ձեռնարկի և վճարի 77 հազար 850 դրամ՝ իր «ԳԱԶ 69» (Н 0337 AP) մեքենայի գույքահարկը։ Խնդիրն այն է, որ մեքենան նա թողել է Արծվաշենում, որն արդեն 26 տարի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Հայրս ունեցել է «Վիլիս», մեքենան անսարք վիճակում է եղել, մնացել է Արծվաշենում։ Հիմա դրա գույքահարկ են ուզում», -Epress.am-ի հետ զրույցում պատմել է Առաքելյանի որդին՝ Արտիկ Առաքելյանը․ «Ալիևին իրենք պետք է էդ նամակը ուղարկեն, ոչ թե ինձ»։
Արտիկ Առաքելյան
Նրա խոսքով՝ Ճամբարակի համայնքապետարանում ասել են, որ իրենց փաստաթղթերում «երևում է» գույքահարկի պարտքը․ «Ասել են՝ մուծի, հարցերդ լուծի»։
Առաքելյանը չի պատրաստվում որևէ կերպ արձագանքել ստացած նամակին՝ դա աբսուրդ համարելով։ Փոխարենը խոստանում է․ «Իմ «Վիլիսը» թող տան ինձ, ես էդ գումարի տասնապատիկը կտամ իրենց»։