ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը Պաշտպանության նախարարությունը շարունակում է չհրապարակել՝ այն համարելով պետական գաղտնիք: Այս մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքում։ Ձեռնարկը վերաբերում է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրին, թույլատրվող ֆիզիկական վարժություններին և զինծառայողներին պաշտոնների նշանակման սահմանափակումներին։
Ավելի վաղ՝ Վարչական դատարանում 2017թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ժամանակ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, սակայն հետագայում Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել:
Հետագայում ՊՆ ներկայացուցիչը պնդել էր, որ օրենսդրական փոփոխությունների շրջանակներում մշակվել են կառավարության որոշումներ, որոնցով զինվորական ծառայության սահմանափակումների բնութագիրը, թույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկը հրապարակային բնույթ են կրելու և տրամադրել է դրանց մշակված տարբերակները։
Սակայն, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, մշակված տարբերակները ընդգրկում են նոր իրավական ակտերի բովանդակությունը, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ․ հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պնդմամբ՝ ծանոթ չլինելով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով հաստատված ձեռնարկի բովանդակությանը՝ հնարավոր չէ եզրահանգել, թե նախկին հրամանով սահմանված տեղեկատվությունը նույնությամբ նախատեսված է նախագծով։
Դատարանն առաջարկել է հաջորդ դատական նիստին՝ մարտի 19-ին, ՊՆ ներկայացուցչին դատարանին ներկայացնել գաղտնի հրամանի այն հատվածը, որը ապացուցում է հրամանի գաղտնի լինելը։ Միաժամանակ, եթե հնարավոր չլինի այն տրամադրել դատարանին պատճենի տեսքով, հրամանի այդ հատվածը կհետազոտվի դռնփակ դատական նիստում։