2017թ.-ին Հայաստանում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման 107 դեպք է գրանցվել։ Այս մասին ասված է Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի կողմից հրապարակված զեկույցում, որը հիմնված է ԶԼՄ-ների մշտադիտարկման վրա։ Զեկույցում ներկայացված դեպքերը հավաքագրվել են 14 առցանց լրատվամիջոցից և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքից:
«Չնայած 2016 թ.-ի համեմատ 2017 թ.-ին հանրային միջոցառումների թիվն անհամեմատ նվազել է, սակայն ոստիկանության կողմից բռնարարքներով և այլ ապօրինություններով ուղեկցվող գործողությունների բնույթը չի փոխվել»,֊ ընդգծված է զեկույցում:
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ ոստիկանության ծառայողներն ակտիվորեն ներգրավված են եղել ընտրական գործընթացներում, սակայն, ոչ թե որպես ընտրական իրավունքի իրացման երաշխավոր, այլ՝ այդ իրավունքի խախտող և/կամ որպես խախտողների «պահակախումբ»։
«Ոստիկաններն ակտիվորեն ներգրավվել են նաև հանրային միջոցառումներին` խախտելով անձանց` խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը։ Լրատվամիջոցներն արձանագրել են դեպքեր, երբ ընտրախախտումների դեպքերի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները դրսևորել են անգործություն։ Ոստիկանության ծառայողները չեն կարողացել բացահայտել ընտրակաշառքի բացահայտ դեպքերը։ Որոշ դեպքերում դրսևորել են խտրական վերաբերմունք», ֊ նշում են զեկույցի հեղինակները։
Նրանք ընդգծում են նաև, որ թեև ոստիկանության ծառայողները գիտեն մարդու իրավունքների մասին, սակայն բացահայտ անգործություն են դրսևորել, միջոցներ չեն ձեռնարկել նաև ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման և/կամ մեղավորներին պատասխանատվության բերելու, իսկ տուժողներին պաշտպանությամբ ապահովելու ուղղությամբ։
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ որոշակի պարբերականությամբ կրկնվել են Ոստիկանության նույն բարձրաստիճան ծառայողների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերը։
2017 թ.-ին առավել մեծ թվով խախտվել է ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի 57.9%-ը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքերը կազմել են 15%, այդ թվում՝ հավաքների ընթացքում։ Ինչպես նախորդ տարիներին, խախտմանը հանգեցրած դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Երևանում (70 դեպք, ընդհանուր խախտումների 65.4%-ը)։
Զեկույցի մանրամասները՝ այստեղ