Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու օրինագծի իրական հիմնավորումը թաքցվում է, հարցը մարդկանց անվտնագությունը չէ։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հարցի քննարկման ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենալյանը։
«Տողատակում ասվեց, որ Ճապոնիան իր մեքենաները կարողանում է վաճառել շատ սահմանափակ թվով շուկաներում։ Ես հասկանում եմ, որ սրա հետևում ինչ֊որ բան կա։ Գուցե լավ նպատակ հետապնդող, բայց գաղտնի պահվող»,֊ ասել է Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկում է ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան։ Կառավարությունը նպատակ ուներ ընդհանրապես արգելել ներմուծումը և արգելել նաև արդեն Հայաստանում շահագործվող աջակողմյա ղեկով մեքենաների վերագրանցումը, սակայն այդ երկու կետերը հանվեցին։ Երևանում մի քանի բողոքի երթեր էին կազմակերպվել աջ ղեկով մեքենաներ ունեցող վարորդների կողմից։
Ըստ պատգամավոր Զեյնալյանի՝ հիմնավորումը, թե աջակողմյա մեքենաները պակաս անվտանգ են, չի արդարացնում ընդհանրապես աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելը։ Եվ աջակողմյա ղեկով մեքենաներում տեսանելությունը ավելի փոքր է, այդ հարցը կարելի է լուծել մեքենայի մեջ տեսախցիկներ տեղադրելով, որը կարժենա ընդամենը 100 դոլար, եթե իրոք հարցը անվտանգությունն է։
«Եթե աջակողմյա մեքենա է ձեռք բերվում, այդ մեքենան 10 տարով ավելի թարմ է, քան եթե ձեռք բերվեր ձախ ղեկով մեքենա։ Էդ թարմ մեքենան և՛ էկոլոգիապես է մաքուր, և՛ տեխնիկապես ավելի նոր է և նոր լուծումներ ունի»,֊ասել է Զեյնալյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ Կառավարությունը չի իջեցնում ձախաողմյա ղեկով մեքենաների մաքսատուրքը, եթե ցանկանում է խթանել այդպիսի մեքենաների ներկրումը։
«Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ներկրվում են աջակողմյա ղեկով մեքենաներ, որովհետև դրանք ավելի էժան են»,֊ ասել է պատգամավորը։
Կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը մաքսատուրքերի մասով ունի «փոխկապակցություն» ԵՏՄ֊ի հետ։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ևս հորդորել է Կառավարությանը չվնասել քաղաքացուն։ «Միգուցե սա մենք հետաձգենք, մինչև ԵՏՄ֊ում այս օրենքը ընդունվի։ Կառավարության քայլերի հետևանքով մեր քաղաքացիների տնտեսական գործունեությունը անընդհատ խաթարվում է։ Եթե մենք արգելում ենք, այդ մարդիկ գնելու են ձախակողմյան 20 տարվա մեքենաներ, որոնք ևս վտանգավոր են։ Մեր գերխնդիրը պետք է լինի քաղաքցուն չվնասելը»,֊ ասել է Բագրատյանը։
Օրինագիծը ԱԺ֊ում քվեարկվելու է վաղը՝ 11.00֊ին։